Կառավարությունը լրացուցիչ սոցիալական աջակցություն կտարամադրի ԼՂ բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին։
Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ է հայտնել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխքիների վարչության պետ Արտակ Հարությունյանը։
Ովքե՞ր կարող են դիմել. աջակցությունից կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք չեն գտնվում պետական հոգածության ներքո կամ չեն բնակվում համայնքային/պետական սեփականություն հանդիսացող տարածքներում, որոնց 1 անդամի հաշվով եկամուտները չեն գերազանցի 55,000 դրամը (գործող աջակցությունները մտնում են եկամտի հաշվարկում), որոնց անդամները միևնույն բնակելի անշարժ գույքի նկատմամբ չունեն միանձնյա կամ առնվազն 50% բաժնային կամ համատեղ սեփականության կամ գնման իրավունք, որոնց անդամները չունեն 2017 թվականի կամ ավելի թարմ արտադրության ավտոմեքենա կամ որոնց ավտոմեքենաների գույքահարկը պակաս է 15,000 դրամից։
«Որպես կարիք դիտարկվել է որոշակի եկամուտների շեմը չգերազանցելու հանգամանքը։ Ապրիլի մեկից որոշակի խմբեր, հիմնականում աշխատանքային տարիքի անձինք չենք ստանալու այլ ծախսերը հոգալու սոցիալական աջակցության միջոցառումը, և կար օբյեկտիվ անհրաժեշտություն, որ որոշակի անձինք դեռևս կարիք ունեն աջակցության, օրինակ՝ բնակարանի վարձի վճարը կատարելու համար, այս նպատակով էլ ընդունվել է նոր աջակցության մասին որոշումը»,- նշել է նա։
Միջոցառման պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի հաշվով աջակցության չափը կազմում է 40,000 դրամ՝ գումարած 10,000–ական դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից։
«Աջակցությունից կարող են օգտվել կարիքավոր ընտանիքները։ Շահառուները ընտանիքներն են և ոչ թե անձը: Եթե ընտանիքը իր ունեցած բոլոր եկամուտներով հանդերձ յուրաքանչյուր անձի հաշվարկով չի կարողանում ապահովել 55 հազար դրամ եկամուտը, ընտանիքը կդիտարկվի շահառու ընտանիք։ Աջակցությունը կտրամադրվի ամսական դրամական օգնության տեսքով ապրիլից մինչև դեկտեմբեր ամիսը, ներառյալ աջակցության չափը, կլինի ընտանիքի համար 40 հազար դրամ, որին կգումարվի հավելյալ ընտանիքի երկրորդ անդամից ևս 10 հազար դրամ։ Օրինակ՝ եթե ընտանիքում հինգ անդամ կա, որոնց հաշվով 55 հազար դրամից ավելի ընտանիքը եկամուտ չունի, կհամարվի շահառու, կստանա 40 հազար դրամ, ընտանիքի երկրորդ անդամով ևս 40 հազար դրամ և կստանա 80 հազար դրամ»,- մանրամասնել է Հարությունյանը։