ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, հավատարիմ մնալով իր վարած քաղաքականությանը, 2025-ին վերականգնելու, ամրակայելու է երկրի մի շարք կարևոր նշանակություն ունեցող մշակութային հուշարձաններ, քարոզչական աշխատանքներ է իրականացնելու հուշարձանների պահպանության գործում մարդկանց իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, մարզերում կազմակերպելու է բազմաբովանդակ փառատոներ, որոնք հնարավորություն կտան նորովի բացահայտելու մեր ժառանգությունն ու առիթ կդառնան զբոսաշրջային հոսքերի ապահովման համար։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը մանրամասներ է ներկայացրել կատարվող աշխատանքների, ինչպես նաև առաջիկա ծրագրերի մասին։
-Պարոն Քոչարյան, յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեից գումար է հատկացվում մշակութային հուշարձանների ամրակայման, վերականգնման աշխատանքների համար։ Այս տարին բացառություն չէ. 2025-ին ո՞ր հուշարձաններն են վերականգնվելու։
-2025 թվականին վերականգնվող հուշարձանների ցուցակները կազմվել են դեռևս 2024-ին։ Վերականգնման փուլում կլինի քսան հուշարձան։ Միշտ չէ, որ հաջողվում է մեկ տարում որևէ հուշարձան լիարժեք վերականգնել. դա մի քանի տարվա աշխատանք է։ Այս տարի ութ հուշարձան կավելանա մեր ցուցակին. այս պահին վերականգնման փուլում է 12 հուշարձան։ Շարունակական աշխատանքներ են տարվում Լոռի բերդի վերականգնման ուղղությամբ։ Վերականգնում ենք բերդի պարիսպները, բաղնիքները, Քոբայրի վանքի սեղանատունը։ Կմեկնարկեն Չեսար Օրբելյանի ապարանքի, Պտղնիի տաճարի վերականգման աշխատանքները։ Պտղնիի տաճարը շատ ավելի վատ վիճակում է։ Աշխատանքները կշարունակվեն Ամբերդում, որոնք մեկնարկել են նախորդ տարի և տևելու են մի քանի տարի, քանի որ ամրոցի տեղանքը շատ բարդ է, իսկ աշխատանքը՝ շատ։ Մեր ուշադրության կենտրոնում են նաև ազգային փոքրամասնությունների հուշարձանները։ Օրինակ՝ Ամրակիցի Սուրբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցին նույնպես վերականգնման փուլում է։
-Տարիներ առաջ առիթ ունեցա ներկա լինելու մի քանի հուշարձաններում իրականացվող վերականգնման աշախատանքների։ Հիմնական խնդիրն այն էր, որ տենդերը շահել էր մեկ ընկերություն, և մասնագետները չէին հասցնում համապատասպան ժամկետներում ավարտել գործը։ Դուք ի՞նչ խնդիրների եք բախվել։
-Ձեր նշած խնդիրը գոյություն ունի, ինչը բնական է. եղանակային պայմաններից ելնելով՝ նման հարցեր ծագում են։ Ամբերդի պարագայում գրեթե միշտ այդպես է։ Այնտեղ եղանակային պայմանները բարդ են, և շինարարական աշխատանքները երբեմն հնարավոր չի լինում նախանշված ժամկետներում ավարտել, բայց դա լուծվող խնդիր է։ Նման պարագայում պայմանագիր ենք կնքում և աշխատանքները տեղափոխում ենք հաջորդ տարի։
-Բազմիցս ասվել է, որ նյութական մշակութային ժառանգությունը պատշաճ պահպանելու գործում մեծ դերակատարություն ունեն ոչ միայն պատկան մարմինները, այլև հասարակությունը, մարդիկ, որոնք պարբերաբար այցելում են հուշարձաններ, կամ ապրում են հուշարձան ճանաչված շենքերում։ Նախարարությունն ի՞նչ քայլել է ձեռնարկում այդ արժեքները պահպանելու հարցում մարդկանց գիտակցությունը, իրազեկածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։
-Կարևոր հարց եք բարձրացնում։ Երբեմն մարդիկ չգիտեն, որ իրենց գույքը հուշարձան է։ Այդ հարցերը լուծելու համար որոշ փոփոխություններ ենք արել հուշարձաններին վերաբերող օրենքում։ Երբ քաղաքացին գույք է ձեռք բերում, կադաստրի վկայականի մեջ անպայման նշվում է, որ գույքը հուշարձան է։ Մշակեցինք օրենսդրական նախաձեռնության կարգ, խոսքը հուշարձանների պահպանման պարտավորագրի մասին է։ Այդտեղ նշվում է, թե ինչ է կարելի անել, ինչ՝ ոչ, թե ինչպես հետևել հուշարձանին և այլն։ Շարունակական են նաև կրթական ծրագրերը, բացի այդ մեր ենթակայությամբ է գործում Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը, որն ամեն տարի կրթական և այլ ծրագրեր է իրականացնում, բայց համաձայն եմ, որ հավանաբար այդ ամենը բավարար չէ իրազեկվածությունը լիարժեք ապահովելու համար, ուստի պետք է ավելի շատ աշխատենք այդ ուղղությամբ։ Հնարավոր է՝ պատրաստվեն նաև տեսանյութեր, որոնք ցույց կտան, թե ինչպես է պետք հուշարձանի տարածքում կազմակերպել ժամանցը։
-Խոսեցինք մեր երկրում իրազեկվածությունը բարձրացնելու մասին, սակայն Հայաստանը պարբերաբար կանգնում է իր մշակութային արժեքները, այդ թվում և հուշարձաններն աշխարհին ներկայացնելու, դրանց հայկականությունն ապացուցելու խնդրի առաջ։ Այդ հարցում մեզ հաճախ աջակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որի ցանկերում ամրագրում ենք մեր արժեքները։ Առաջիկայում ո՞ր հուշարձանների համար է նախատեսվում հայտեր ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ։
-ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մեր աշխատանքը շարունակական է։ Մեզ հաջողվեց Արագածոտնի մարզի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկել։ Քսան տարուց ավելի Հայաստանը որևէ նոր հուշարձան չէր գրանցել այդ ցուցակում։ Երկու հայտ էլ ընթացքում է։ Աշխատելու ենք, որ այդ նորահայտ հուշարձանները համալրվեն հիմնական ցանկում, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների գրանցումը երկու տարին մեկ է տեղի ունենում։ Մենք միշտ հայտ ներկայացնում ենք։ Գյումրիի դարբնության ավանդույթը վերջին ընդունված հայտն է եղել։ Այն ընդգրկվել է կազմակերպության «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ»-ում։ Հնարավորություն կա նաև համատեղ հայտեր ներկայացնել։ Այդ մասին ևս մտածում ենք։
-Գործնականում այդ ցանկերում ընդգրկվելն ի՞նչ առավելություններ է տալիս։
-Դա շատ կարևոր է արժեքների հանրահռչակման առումով, ազդեցություն է ունենում նաև զբոսաշրջության զարգացման վրա, որովհետև մարդիկ հետաքրքրվում են, թե այս կամ այն երկրում ինչ մշակութային ժառանգություն կա։ Բնականաբար ամենավստահելի ցանկը ՅՈՒՆԵՍԿՕ-ինն է։ Այդ ցանկերում լինելով՝ արժեքները գրանցվում են որպես հայկական համաշխարհային ժառանգություն։ Ամենակարևոր դրույթներից մեկն էլ այն է, որ կազմակերպությունը զբաղվում է իր ցանկերում ներառված հուշարձանների պահպանությամբ։
-Մի քանի տարի է՝ նախարարությունը որդեգրել է մշակույթն ապակենտրոնացնելու քաղաքականությունը, ինչի արդյունքում փառատոններ, համերգային ծրագրեր և այլ նախաձեռնություններ են իրականացվում մարզերում՝ հուշարձանների տարածքներում։ Այդ քաղաքականությունը շարունակական կլինի՞։ Եթե այո, արդեն պա՞րզ է, թե ինչ միջոցառումներ են կազմակերպվելու։
-Մեր վարչությունը նաև Գառնու տաճարի մոտ համաշխարհային ճանաչում ունեցող դիջեյների մասնակցությամբ համերգներ է կազմակերպում։ Տարվա ընթացքում գոնե մեկ անգամ այնտեղ շատ լավ միջոցառում անցկացվում է։ Եթե հնարավոր լինի, կաշխատենք մեկից ավելին նախաձեռնել։ Ոչ միայն հուշարձանների տարածքներում, այլև առհասարակ մարզերում անցկացնում ենք ավանդական դարձած փառատոններ։ Այդ ամենը մեր տարեկան ծրագրի կարևոր մասն է և շարունակական է լինելու։
-Նկատել եմ, որ Գառնու տաճարի առջև կազմակերպված համերգները մարդաշատ են, սակայն ներկա եմ եղել մարզերում անցկացվող ընդգրկուն միջազգային փառատոների, որոնց հիմնականում տեղացիներն էին մասնակցում։ Տեղեկատվության պակաս կա՞, թե՞…
-Իրականում իրազեկման կարիք միշտ էլ կա։ Մենք ակնկալում ենք, որ ամեն տարի ավելի շատ մարդ կմասնակցի միջոցառումներին։ Օրինակ՝ «Ֆեստիվառ»-ը մեծ հետաքրքրություն է առաջացրել. եթե սկզբում միայն տեղացիներն էին մասնակցում, ապա այժմ շատերը գիտեն փառատոնի մասին, սպասում են, ուզում են հասկանալ, թե որ քաղաքներում է այն անցկացվելու, թե որ արտիստներն են փառատոն ելույթ ունենալու։ Դա լուրջ աշխատանք է, և անիվը պետք է սկսի պտտվել։
-Չեմ կարող չանդրադառնալ նաև թանգարաններին։ Նախորդ տարի ընդունվեց «Թանգարանների մասին» ՀՀ օրենքը, որը միտված է ոլորտի զարգացմանը։ Այն ծառայե՞լ է իր նպատակին։
-Օրենքը պարտադիր էր։ Ցանկացած ոլորտ պետք է ունենա իր համակարգման, դաշտը կարգավորող օրենք։ Համաձայն եմ այն մտքի հետ, որ թանգարաններըը միայն պատերը չեն, և ցուցանմուշները պետք է դուրս գան շենքի սահմաններից, սակայն այդ երևույթը կապված է միջոցառումների, բուն ծառայությունից բացի նոր հետաքրքիր ծրագրերի ավելացման, նոր տեխնոլոգիաների կիրառման հետ։ Ավանդական ցուցադրություններից զատ մարդիկ նաև այլ բան են ուզում, իսկ օրենքը կարգավորում է ոլորտը. իրավական կարգավորումներ են, թանգարանային ֆոնդերի պահպանության ռեժիմներ և պարտավորություններ են, բնականաբար դա շատ սպասված էր, և պետք էր լրացնել այդ բացը։
-Եթե օրենքը մեծ նշանակություն ունի ոլորտի աշխատակիցների համար, ապա արվեստասերներին գրավում է թանգարանների աշխատանքի տեսանելի մասը։ Ըստ իս՝ 2024-ի կարևորագույն իրադարձություններից էր Հայաստանի պատմության թանգարանում «Մայր Աստվածություն. Անահիտից Մարիամ» միջազգային ցուցահանդեսի բացումը, որի շրջանակում առաջին անգամ Հայաստանում ցուցադրվում են Բրիտանական թանգարանից բերված Անահիտ Աստվածուհու արձանի մասունքները՝ գլուխը և ձեռքը։ Այս տարի թե՛ Հայաստանի պատմության, թե՛ երկրի այլ թանգարաններում նման ուշագրավ իրադարձություններ սպասվո՞ւմ են։ Կխնդրեմ բացել փակագծերը։
-Այդ ցուցադրության կազմակերպումը թիմային աշխատանք էր նախարարության համապատասխան աշխատակիցների, նախարարի, թանգարանի ղեկավարության՝ մասնավորապես տնօրենի միջև։ Ըստ իս՝ նման միջազգային մեծ ծրագրերը, և ես կարծում եմ՝ Անահիտն աննախադեպ էր այդ առումով, պետք է լինեն շարունակական։ Բանակցություններ իրականացվում են, կան նախնական պայմանավորվածություններ Լուվրի թանգարանի հետ, ուստի 2025-ին ևս լավ ցուցադրություններ կունենանք։ Մենք ուժ ու եռանդ չենք խնայում, որ կարողանանք իրականացնել լավ ծրագրեր, քանի որ դա է մեր աշխատանքի մեծ բաղադրիչը՝ զարգացնել մեր թանգարաններն ու միջազգային մակարդակի ցուցադրություններ կյանքի կոչել։
-Եվ կլինեն նոր թանգարաններ։
-Բոլորովին վերջերս ՀՀ ԿԳՄՍ նախարարի և Երևանի քաղաքապետի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց, ըստ որի՝ Հանրապետության 32 հասցեում կբացվի Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ՝ նվիրված սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանին: Այդ նոր թանգարանը տարվա երկրորդ կեսին կբացենք։ Բավականին երկար ժամանակ նոր թանգարան երկրում չի բացվել։