Այսօր հայ ժողովուրդը նշում է Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:

  Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները:

 Հիսուս Քրիստոսի Հարությունը քրիստոնեության հիմքն է: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:  Այն  բնության զարթոնքը խորհրդանշող ամենամեծ ու  ամենասպասված տոնն է։  Տոնը շարժական է և Հայ Առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող առաջին կիրակի օրը, որը հանդիպում է մարտի 22-ից ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում։

Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Տոնի օրը առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով:

Զատկի տոնին մարդիկ ձու են ներկում: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար:

 Ս. Գրիգոր Տաթևացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է. «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` «դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:Ս. Հարության  տոնին նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ընթացքում պահք պահողները Ս. Հաղորդություն ստանալով, դուրս են գալիս պահքից։

Հավատացյալները միմյանց ողջունում են տալով Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսը՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց», պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։ Այս ավետիսը պետք է հնչի յուրաքանչյուրի հոգում և տանը՝ ավետելով նոր, մաքուր սկիզբը։Սուրբ Հարության տոնին հաջորդող օրը, ննջեցյալների հիշատակության օր է՝ Մեռելոցը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930