Երկու տարի է խնդրում եմ պաշտպանության նախարարին, ասում եմ՝ բանակում շաբաթը մեկ է զորքը լողանում, հնարավորություն ստեղծենք, թող ամեն օր լողանա։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։
«Ինչի՞ց է խնդիրը ծագել. 2024 թվականին պատգամավորներից մեկը մեր փակ հանդիպման ժամանակ հարց բարձրացրեց, որ թոքաբորբից մահվան դեպք էինք ունեցել բանակում, հավանաբար, սառը ջրով լողացել էր։ Ասեց՝ դե մենակ մեր բանակում չի որ շաբաթը մեկ են լողանում, բազմաթիվ բանակներում այդպես է։ Ուսումնասիրում եմ տասնյակ բանակների փորձը, բազմաթիվ երկրներում զինվորները ամեն օր լողանում են։ Հայաստանում, աֆրիկական մի քանի երկրներում ու այդպիսի թերզարգացած երկրներում է, որ շաբաթը մեկ են լողանում։ Ասել եմ՝ լրացուցիչ ծախս չի սա, առաջարկում եմ, ասել եմ՝ խնդրում եմ, ստեղծենք հնարավորություն, մեր զորքը ամեն օր լողանա։ Երկու տարի անցել է, այդ նույն վիճակն է։ Հա, հիմա ունենք որոշ տեղեր, նոր կառուցված տեղեր, բայց փոքր տոկոս է կազմում, որ զորքը կարող է ամեն օր լողանա, բայց մեծամասամբ մեր տղերքը շաբաթը մեկ են լողանում։
Դե թող պաշտպանության նախարարության ղեկավար կազմն էլ շաբաթ մեկ լողանա, դե թող մինչև այդ խնդիրը չլուծեն, իրենք էլ շաբաթը մեկ լողանան, տեսնեմ կարա՞ն։ Բա մեր զորքի համար ինչի պիտի մենք լավ պայման չունենանք։ Ես հիմա առաջին անգամ եմ հրապարակային ասում, ուղղակի էլ հնարավորություն էլ չունեմ մեջս պահելու»,– հայտարարեց Հայկ Սարգսյանը։






































