Այո, ստացվեց, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովը տապալեց օրենքի նախագիծը. Ասել, որ հիասթափված եմ կամ ցավում եմ, կնշանակի ոչ մի բան չասել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով իր հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին։
«Տարիներով արձնագրելով բանակի խնդիրները, ես նպատակ եմ ունեցել, որ մենք վերացնենք այդ խնդիրները և ստեղծենք մի միջավայր, որտեղ կլինի արդարություն, որտեղ հարուստի երեխաները չեն ազատվի բանակից, քաղաքացիությունից հրաժարվելու կամ կեղծ առողջական թղթեր սարքելու, կամ երկիրը լքելու, կամ ուսման մեկնելու, կամ այլ պատրվակներով և ծառայությունը բաժին չի հասնի միայն մեծամասամբ սոցիալապես խոցելի խավերում գտնվող անձանց։
Ես ուզեցել եմ, որպեսզի մենք այս մարդկանց բերենք ծառայության պարտադիր և նաև նրանցից մեծ գումարներ հավաքագրենք, ինչը կուղղենք ամբողջ ժամկետով ծառայող զինծառայողներին։
Թիմը նախագծին կողմ է եղել, թիմ ասելով նկատի ունեմ վարչապետին և կառավարությանը։ Կարող եք նայել 2025 թվականի մայիսի 22-ի կառավարության նիստը, որտեղ պաշտպանության նախարարը, ԱԳ նախարարը, փոխվարչապետը պաշտպանում են օրենքի նախագիծը և այն միաձայն ստանում է դրական եզրակացություն։
Կարճ ասեմ ինչ է տեղի ունեցել. Նախագիծը, որը որ դրական եզրակացություն ով եկել է Ազգային ժողով, Քոչարյան Անդրանիկը ինձ ասել է՝ ես գնում եմ Ամերիկա գամ, խոսացել եմ նախարարի հետ, բոլորի հետ, բոլորը կողմ են, շատ լավ նախագիծ է, գնում եմ Ամերիկա գամ, անցկացնենք նախագիծը։
Ասել եմ՝ պարոն Քոչարյան ջան, եթե դու գնաս Ամերիկա, այս օրենքը վեց ամսով հետաձգվելու է, որովհետև մենք մինչև նստաշրջանի ավարտը ժամանակ չունենք, մենք պետք է այսօր նիստը անենք, որ մինչև ամառային զորակոչ այս խնդիրները լուծենք։ Ամեն օր ութ հոգի քաղաքացիությունից հրաժարվում է, ևս մի այդքանն էլ առողջական թղթերով են ազատվում։ Այսինքն ամեն օր, որ հետաձգվի, մենք զորք ենք կորցնելու։ Բացի դրանից, քանի արդեն քննարկումները սկսել ենք, մարդիկ տեմպը արագացնելու են, առողջական թղթեր սարքելու և քաղաքացիությունից հրաժարվելու տեմպը աճելու է։
Ասեց չէ՝ ես գնում եմ Ամերիկա գամ, նոր կանեմ, առանց ինձ նիստը չանեք։ Ես կգամ, եթե պետք լինի՝ 24–ժամյա ռեժիմով նախագիծդ կանցկացնենք, կողմ են բոլորը։ Ինքը գնում է Ամերիկա, դրանից հետո մենք նիստ ենք դնում, նիստը չի կայանում, որովհետև քվորում չի լինում հայտնի պատճառներով, որտեղ նաև ինքն է մասնակցություն ունեցել։
Դրանից հետո, երբ վերադառնում է Քոչարյան Անդրանիկը, ասում՝ էս ի՞նչ նախագիծ է, առաջին անգամ եմ այսպիսի բան տտեսնում, ո՞նց կարող է մարդը փող տա, կարճ ծառայի։
Ասում եմ՝ պարոն Քոչարյան, մենք իրար հետ պայմանավորվել ենք, վարչապետի, երկու փոխվարչապետ, աշխատակազմի ղեկավարի, գլխավոր շտաբի պետի, ԱԱԾ տնօրենի, քննչական կոմիտեի ղեկավարի, գլխավոր դատախազի, մի քանի նախարարների ու փոխնախարարների ներկայությամբ ներկայացրել եմ նախագիծը դեռևս 2024 թվականին, այդտեղ նստած ես եղել, դեմ կարծիք չես արտահայտել։ Մինչգերատեսչական հանձնաժողով է ձևավորվել վարչապետի որոշումով, դու հանձնաժողովի մշտական անդամ ես, բազմաթիվ նիստեր ենք արել, վեց ամիս քննարկել ենք, մի անգամ չես ասել՝ դեմ ես։ Ամերիկա գնալուց առաջ ասել ես՝ կողմ եմ, հիմա հետ ես եկել, ինչ է, թե առանց քեզ նիստ ենք արել, ասում ես դե՞մ եմ։ Ասեց՝ հա դեմ եմ, ես տենց եմ քվեարկելու, ու դրա արդյունքում նախագիծը տապալվեց»,– պատմեց Հայկ Սարգսյանը։
Նա նկատեց, որ այդ տապալման հետևանքով քաղաքացիությունից հրաժարվողների թիվը 44% ով աճեց. «Մինչ այդ 2000 հոգի էր տարեկան հրաժարվում, թիվը դարձավ մոտ 3000։ Բանակի այս արատավոր խնդիրները կան, և ստացվում է, մենք անձնական ամբիցիայի պատճառով կորցրեցինք կարևորագույն նախագիծ։
Թե ով ում է զանգել, ասել՝ դեմ կքվեարկեք, կամ ինչ է կազմակերպվել, ես դա չեմ կարող ասել, ես մի բան գիտեմ, որ ըստ իս վարչապետը հավանել էր նախագիծը։ Ինձ ուղիղ չի ասել, բայց քանի որ իմ խնդրանքներին միշտ ընդառաջ է գնացել վարչապետը, հանդիպումներ, քննարկումները կազմակերպել, աշխատանքային խումբ է ձևավորվել իր որոշումով, ես գտնում եմ, որ ինքը տրամաբանական է համարել դա։ Կառավարությունը տվել է դրական եզրակացություն, վարչապետն էլ է նշում՝ կառավարությունը ես եմ, ուստի չէր կարող վարչապետը դեմ լինել ու կառավարությունը տար դրական դիրքորոշում»։
Դիտարկմանը, որ ստացվում է, որ Անդրանիկ Քոչարյանը դեմ է դուրս եկել նաև Նիկոլ Փաշինյանի՞ն իր այս քվեարկությամբ, Հայկ Սարգսյանն ասաց. «Իմ ասածից նաև կարող եք այդպիսի եզրահանգության գալ։
Ես ներկայացնում եմ օրենքի նախագիծ, որը մեր պետության համար է, ու ես հիմնավորումներով դա ապացուցում եմ, ու նաև դա արձանագրվում է կառավարության որոշմամբ։ Կարան ինչ-որ մարդիկ ինձ չսիրեն, կարա ինչ-որ մարդ իմ հետ խնդիր ունենա անձնական կամ ոչ անձնական, կամ ուղղակի սիմատիայով ինձ չհավանի, բայց սեփական ամբիցիայով կամ սիմպատիայով, կամ քինախնդրության պատճառով տապալես պետության համար կարևորագույն նախագիծը… ես հիմա հնարավորություն ունենամ, կարող է լացեմ էլ։ Որովհետև անընդունելի է դա, չի կարա այդպիսի բան լինի, որ դու մարդու հետ անձնական խնդիր ունենաս, քո պետության համար կարևորագույն նախագիծը տապալես, հետո գլուխ գովաս, ասես՝ տեսա՞ր Սարգսյան Հայկին տապալեցի, չկարացավ անի։
Բա չես ասում, որ քո բանակի աչքն ես հանում, քո զորակոչը կրիտիկական վատ վիճակում է, քո զորքի թիվը 44000-ից 14 տարում, իջել է 14000։ Ասում եմ՝ եկեք միջոց ձեռնարկենք, իրար մեջ խոսում են, ասում են՝ Սագսյան Հայկն իր PR-ի համար է անում։ Բանակի համար եմ անում, PR-ի համար անելուց լինեի, 50 տարի կլինեի ես խմբակցության պատգամավոր։
Էդ հարցերը, որ բարձրացնում եմ, դրա արդյունքում հարաբերություններ են փչանում նախարարների հետ, գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ»,– հայտարարեց նա։






































