Ընկալումը, թե ընտանիքը մյուսների համար անթափանց տարածք է, այդ ընկալումը փոխվում է և անհրաժեշտորեն պիտի փոխվի. սա որևէ կերպ կասկածի տակ չի դնում մարդու անձնական կյանքի անձեռնմխելիությունը: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրի քննարկման ժամանակ:
«Ընտանեկան կամ կենցաղի պատերի անձեռնմխելիությունը գործում է այնքան, քանի դեռ այնտեղ չեն ոտնահարվում հանրության շահերը, իսկ ցանկացած պատերից ներս բռնությունը, որևէ տեսակի բռնություն ուղիղ առնչվում է նաև հանրության շահերին:
Այդ պատերի ներսի բռնությունը չարձագանքվելու դեպքում ինքը այլ դրսևորումներ էլ է ունենում, ընդ որում կանխատեսելի և անկանխատեսելի։
Երեխաներ կան, որ կրթությունից դուրս են մնում, այդ թվում ընտանեկան, կենցաղային, ամենատարբեր հանգամանքների բերումով։ Մենք, ի վերջո, պետք է նաև հասկանանք, թե մասնավորապես հենց ընտանիքների կողմից մանկական աշխատանքը ինչքանո՞վ է երեխաներին կանխարգելում պատշաճ կրթություն ստանալուց և կրթությանը հասանելիության իրավունքից, չնայած մյուս կողմից ես կարծում եմ, որ աշխատանքը նույնպես կրթության շատ կարևոր բաղկացուցիչ է:
Այստեղ իհարկե ամեն ինչ բացարձակացնել պետք չի և շատ կարևոր է ճիշտ հավասարակշռություններ ունենալ»,-սաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ ամենատարբեր առիթներով խոսում են հանցավորության աճի մասին, բայց դա այսբերգի երևացող կողմն է միայն. «Մենք անընդհատ այսբերգի գագաթի հետ ուզում ենք կռիվ տալ: Չեմ ասում, որ դրանից պետք է հրաժարվել, բայց այդ հանցավոր մղումները շատ դեպքերում ձևավորվում են հենց ընտանեկան կենցաղային բռնության պայմաններում, երբ որ բռնությունը դառնում է կուլտուրա: Երբ բռնությունը տան մեջ կուլտուրա է, տնից դուրս է գալիս բակ, բակից՝ թաղ, թաղից՝ դպրոց, դպրոցից՝ հանրություն և այլն»,-ասաց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ երբ այդ օրենքն ընդունվում էր, կառավարությունը քննադատվում էր, որ ավանդույթները քանդում են. «Եթե բռնությունը մեր ընտանեկան ավանդույթն է, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը։ Ո՞վ է ասել, որ դա լավ բան է: Եվ հետևաբար, այս կարգի մեխանիզմները և կարգավորումները շատ կարևոր են։
Հարցադրում մեկ, արդյո՞ք բռնությունը մեր երկրում ընտանեկան ավանդույթ է։ Իմ կարծիքով՝ ոչ, բայց եթե պարզվի այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը, և այստեղ որևէ բանավեճ, քննարկում, կասկած լինել չի կարող, այստեղ պետք է գործել լիարժեք և վճռական։ Իհարկե, բոլոր մնացած, էլի հավասարակշռությունները չխախտելով և ունքը սարքելու փոխարեն աչքը հանելու տրամաբանությունից երաշխավորված լինելով:
Եթե ընտանիքի ներսում ներդաշնակություն հնարավոր չի լինում հաստատել այն տրամաբանությամբ, որ դրա ձայնը դուրս է գալիս, լսելի է դառնում պետությանը, ուրեմն պետությունը պետք է արձագանքի, պետությունը չի կարող որևէ ձայն չնկատելու տալ, որովհետև ինչքան չլսելու տվեց այդ ձայն, այն ավելի բարձրանալու է և վերջում դառնալու է այնպիսի մի պրոբլեմ, որը աղետալի հետևանքներ է բերելու»,-հայտարարեց վարչապետը:
Նա նաեւ ընդգծեց, որ այս քննարկումները ավելի շատ պետք է որոշակի կանխարգելող նշանակություն ունենան« Մարդիկ պետք է իրենց հաշիվ տան, որ այնպես չի, որ ասեն՝ դե իմ երեխան է, կարամ երկու հատ էլ ապտակեմ: Մարդիկ պետք է հասկանան, որ չի կարելի, և կա պետություն, որը անհրաժեշտ պահին միջամտելու է և գործելու է»: