Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։
«Արաղչին Լավրովին ներկայացրել է Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հրադադարի խախտումների, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի անօրինական ծովային շրջափակման և իրանական կոնտեյներային նավի գրավման վերաբերյալ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
Ռուսական կողմը վերահաստատել է հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, որը պետք է պահպանվի պակիստանցի միջնորդների կողմից նախապես համաձայնեցված և հայտարարված ձևաչափերի շրջանակներում։
«Ընդգծվել է անվերահսկելի սրացումը և զինված բախման վերսկսումը կանխելու համար դիվանագիտական ջանքերի շարունակման կարևորությունը։ Հաստատվել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու Իրանի և Պարսից ծոցի արաբական պետությունների միջև փոխադարձաբար ընդունելի համաձայնագրերի ձեռքբերմանը։ Իրանական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ անել ամեն ինչ՝ վերոնշյալ ջրային ուղիով ռուսական նավերի և բեռների անարգել անցումն ապահովելու համար»,- նշված է հաղորդագրությունում։






































