Լոս Անջելեսում զոհերի թիվը հասել է 10-ի, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձագետին:
Շրջանի շերիֆ Ռոբերտ Լունան ավելի վաղ մամուլի ասուլիսում չէր ցանկացել հստակ թիվ նշել, քանի որ, ըստ նրա, թիվը կարող է աճել։
Նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը խոստացել է, որ կառավարությունը 180 օրվա ընթացքում կփոխհատուցի վերականգնման ծախսերի 100 տոկոսը: «Ես ասել եմ նահանգապետին և տեղական պաշտոնյաներին, որ խնայողություններ չանեն՝ անհրաժեշտը կատարելու և այս հրդեհները զսպելու համար», — ասել է Բայդենը Սպիտակ տանը ավագ խորհրդականների հետ հանդիպումից հետո:
ABC News-ն էլ հայտնում է, որ Լոս Անջելեսում շարունակվող հրդեհների պատճառով ավելի քան 180 հազար մարդու տարհանման հրաման է տրվել:
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը ևս չեղարկել է իր արտասահմանյան այցը Սինգապուր, Բահրեյն և Գերմանիա, ասվում է մամուլի քարտուղարի հայտարարության մեջ։
Ավելի վաղ էլ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էր չեղարկել նախագահի պաշտոնում իր վերջին արտասահմանյան այցն Իտալիա:
Հայաստանի ԱԳՆ-ը X-ի էջում տարածած հայտարարությունում նշել է. — «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերից: Մեր ցավակցությունն ենք հայտնում կորսված մարդկային կյանքերի համար: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»: