Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսվեց ժողովրդագրության ռազմավարության շրջանակներում առկա իր պատկերացումներով։
«Կարծում եմ՝ ժողովրդագրությունը այնպիսի ծավալուն է, որ ուղղակի կամ անուղղակի կապվում է դահլիճում ներկա յուրաքանչյուր անձի գործունեության հետ։ Ասում ենք՝ բարեկեցություն, կարևոր է, որ հասկացությունները ճշգրտենք կամ վերանայենք, որ համոզվենք, թե ճի՞շտ իմաստով ենք ընկալել բառերը։ Ի՞նչ նկատի ունենք բարեկեցություն ասելով, կարծում եմ, որ պետք է բարեկեցության հարցը դիտարկելիս նկատի ունենանք կենցաղային բարեկեցությունը, որ մարդն ապրելու նվազագույն պայմաններ պետք է ունենա։ Բարեկեցության մեջ մտնում է նորմալ տրանսպորտային համակարգ ունենալը, առողջությունը։ Հնարավոր չէ բարեկեցություն պատկերացնել առանց կրթության»,- նկատեց երկրի ղեկավարը:
Վարչապետ խոսքով՝ աղքատության երևույթի անկյունաքարային խնդիրներից մեկը կրթության հետ է կապված։
«Պետք է արձանագրենք նաև, որ ժողովրդագրության համար կարևոր է իրավունքների պաշտպանվածությունը։ Մեր իրականության մեջ ընդունված չէ խոսել արտագաղթ երևույթի մասին, դա բավարար չափով ուսումնասիրված չէ, որովհետև պետք է հասկանանք՝ ինչպե՞ս և ի՞նչ շեշտադրումներով խոսել ժողովրդագրության մասին մի միջավայրում, որտեղ երկրի բնակչության զգալի հատվածի առաջնային խնդիրներից մեկը հետևյալն է՝ ոնց անել, որ իր տղան չգնա բանակ։ Այս երևույթը ընտանիքի պլանավորման վրա ազդում է, որովհետև մարդը մտածում է՝ ինչպես մի տղայի բանակ չգնալը ապահովի, դա ուրիշ խնդիր է, չորս տղայինը՝ ուրիշ»,- ընդգծեց Կառավարության ղեկավարը։