Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրաստիճան պաշտոնյա և «Բասիջ» կամավորական ուժերի նախկին հրամանատար Ալիռեզա Աֆշարը մահացել է սրտին առնչվող բարդություններից, հաղորդում է Mehr գործակալությունը։
Աֆշարը ծնվել է 1951 թվականին Մաշհադում, սովորել է հայրենի քաղաքի Ալավի դպրոցում, իսկ ավելի ուշ Թեհրանի հեղինակավոր Շարիֆի տեխնոլոգիական համալսարանում մեխանիկական ճարտարագիտության աստիճան է ստացել։
1979 թվականի Իսլամական հեղափոխությունից առաջ նրան ձերբակալել են շահի անվտանգության ուժերը՝ քաղաքական ակտիվիթյան համար և նա չորս ամիս անցկացրել է բանտում։
1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո նա այն ուսանողներից էր, որոնք աջակցում էին հեղափոխության հիմնադիր հորը՝ Իմամ Խոմեյնիին։ Աֆշարը Իրանա-իրաքյան պատերազմի ընթացքում և դրանից հետո զբաղեցրել է բազմաթիվ կարևոր պաշտոններ, դրանց թվում՝ 1989-1997 թվականներին եղել է ԻՀՊԿ կենտրոնական շտաբի տեղակալ և պետ, ԻՀՊԿ մամուլի խոսնակ և «Բասիջ» կամավորական ուժերի հրամանատար։ 1997-2000 թվականներին նա եղել է Իմամ Հոսեյնի համալսարանի նախագահը։
Նրա կարիերան ներառում էր նաև բարձր պաշտոններ Զինված ուժերի գլխավոր շտաբում, Պաշտպանության սրբազան արժեքների պահպանման և հրապարակման հիմնադրամում և Ներքին գործերի նախարարությունում։