Մեղմ ասած, մտահոգիչ, տագնապալից է իրավիճակը: Նիկոլ Փաշինյանը կիսալուսնյաց արշավանք է սկսել Հայաստանյայց Առաքելյան Սուրբ Եկեղեցու դեմ, և եթե ժամանակագրության մեջ նայեք, կտեսնենք երբվանից դա սկսվեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Սկսվեց, երբ Մայր Աթոռը և Կիլիկիո կաթողիկոսությունը Շվեյցարիայում, միասին կազմակերպեցին արցախահայերի վերադարձի իրավունքի մասին խորհրդաժողով՝ Շվեյցարական խաղաղության նախաձեռնության շրջանակում: Դրանից անմիջապես հետո, Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարեց, որ Հայ Առաքելական եկեղեցին ռևանշիստական քաղաքականություն է իրականացնում, և պատահաբար, հենց Փաշազադեի հայտարարությունից մի քանի ժամ հետո Փաշինյանը լայնածավալ հարձակում սկսեց հայկական ինքնության առանցքներից, սյուներից մեկի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ»,-նշել է նա։
Նա ասել է, որ այսօր երեք թեմակալ առաջնորդներ անազատության մեջ են: Ըստ Խաչատրյանի, Հայաստանը դասական բռնակալություն է, քաղաքական հակառակորդներին դատում են քրեական շինծու մեղադրանքներով։
«Ասում են՝ սիրո և համերաշխության հեղափոխություն. մենք փողոցում, երկրում սեր և համերաշխությո՞ւն ենք տեսնում: Ներազգային թշնամանքը, անհանդուրժողականությունը, բևեռացվածությունը երբեք այսքան մեծ չի եղել և երբեք այսքան մեծ սպառնալիք չի եղել պետության գոյությանը։ Մեր հանրապետությունը, մեր ազգը երկու հարվածի տակ է, երկու կողմից, արտաքին թշնամին և ներքին թշնամին, որը պառակտում է հասարակությունը իրենց ասած սիրո և համերաշխության քողի ներքո»,-ասել է Արթուր Խաչատրյանը և հավելել՝ այս լարվածությունը, փոխադարձ անհանդուրժողականությունն իրենց քաղաքականության հետևանք է, ինչքան էլ մարդամեկը սրտիկներ անի: