Ինչպե՞ս են ժամանակակից տեխնոլոգիաներն ազդում աշխատաշուկայի վրա և ի՞նչ խնդիրներ կարող են ստեղծել․ հարցազրույց պրոֆեսոր Հյոնգչոն Քիմի հետ

Ժամանակակից տեխնոլոգիաները, այդ թվում՝ արհեստական ​​բանականություն, որն ակտիվորեն զարգանում է վերջին տարիներին, հսկայական ազդեցություն ունեն մեր կյանքի բոլոր ոլորտների վրա, և աշխատաշուկան բացառություն չէ։ Ի՞նչ նոր հնարավորություններ են բացում այս տեխնոլոգիաները: Ի՞նչ խնդիրներ ու մարտահրավերներ են դրանք ստեղծում։ Ի վերջո, ինչպե՞ս են դրանք ազդում համաշխարհային տնտեսության վրա։ Այս ամենի մասին NEWS.am Tech-ը զրուցել է Կորեայի համալսարանի Միջազգային հետազոտությունների բարձրագույն ​​դպրոցի պատվավոր պրոֆեսոր Հյոնգչոն Քիմի հետ։

Նոր հնարավորություններ և մարտահրավերներ
Տեխնոլոգիական նորարարությունն ու արհեստական բանականությունը, ըստ պրոֆեսորի, կարող են զգալիորեն բարձրացնել բազմաթիվ ոլորտներում աշխատող մարդկանց արդյունավետությունը։ Եվ դա, անշուշտ, դրական ազդեցություն կունենա այն ընկերությունների գործունեության վրա, որտեղ նրանք աշխատում են, և նույնիսկ այն երկրների տնտեսական աճի վրա, որտեղ գործում են այդ ընկերությունները:

Ժամանակակից տեխնոլոգիաների մեկ այլ կարևոր առավելություն վերաբերում է հսկայական թվով մարդկանց կյանքին և աշխատանքին. գրեթե բոլորն այժմ իրենց ձեռքի տակ ունեն անձնական «քարտուղար»՝ ChatGPT-ի նման նեյրոցանցերի տեսքով, որին կարող են հարցնել ամեն ինչի մասին և արագ ստանալ պատասխանը։ Այսպիսով, որևէ բանի մասին տարրական գիտելիքներ ձեռք բերելու համար այլևս կարիք չկա հույսը դնել մարդկանց վրա. ԱԲ-ն կարող է տրամադրել գրեթե ցանկացած տեղեկատվություն, ընդ որում՝ անվճար:

Տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ, այսպես կոչված, ոչ ավանդական զբաղվածությունն սկսում է գերակշռել ավանդական աշխատանքին. ավելի ու ավելի շատ մարդիկ են նախընտրում աշխատել ոչ թե գրասենյակներում, այլ հեռավար: Եվ սա ինքնին ստեղծում է և՛ հնարավորություններ (և՛ ընկերությունների, և՛ աշխատողների համար), և՛ խնդիրների մի ամբողջ շարք։

Այսպիսով, հեռավար ճկուն գրաֆիկի պատճառով աշխատողները կարող են հայտնվել մի տեսակ մեկուսացման մեջ, և միայնակ աշխատելը և շփման բացակայությունը կարող են բացասաբար ազդել նրանց հոգեկան առողջության և բարեկեցության վրա: Բացի դրանից՝ աշխատանքային հստակ գրաֆիկի բացակայությունը երբեմն կարող է առավելություն թվալ, բայց, մյուս կողմից, նման մարդիկ հաճախ ճնշվածություն են զգում անընդհատ, այդ թվում՝ հանգստյան օրերին աշխատելու պատճառով։

Բացի դրանից՝ հեռավար աշխատանքը կարող է խանգարել որակավորման բարձրացմանն ու և կարիերայի առաջխաղացմանը: Եվ երբեմն նման աշխատանքը չի կարող ապահովել կայուն աշխատավարձ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ֆրիլանսին։ Ավելին, ֆրիլանսերները զրկվում են սոցիալական և իրավական պաշտպանության շատ ձևերից, որոնք ընկերությունները սովորաբար տրամադրում են գրասենյակից աշխատողներին:

Կմեծանա՞ հարուստների և աղքատների միջև անջրպետը
Ի լրումն այս բոլոր խնդիրների, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումն ու տարածումը կարող է ստեղծել մեկ այլ, շատ ավելի քիչ ակնհայտ խնդիր. աշխարհում տնտեսական անհավասարության հետ կապված իրավիճակը կվատթարանա, իսկ հարուստների և աղքատների միջև անջրպետն էլ ավելի կմեծանա։

Ինչպես նշեց Հյոնգչոն Քիմը, տեխնոլոգիայի առաջընթացի հետ մեկտեղ միջին աշխատավարձով շատ աշխատատեղեր կարող են պարզապես անհետանալ, և հետևանքները կարող են շատ, շատ լուրջ լինել:

«Խոսքը նույնիսկ այն մասին չէ, որ մարդկանց կեսը դառնում է ավելի հարուստ և կեսը ավելի աղքատ: Մարդկանց մոտ 5%-ը կդառնա գերհարուստ, իսկ մնացած 95%-ը կաղքատանա աշխատատեղերի կորստի պատճառով, քանի որ տեխնոլոգիայի հետևանքով կանհետանան բազմաթիվ աշխատատեղեր, որտեղ աշխատում են ոչ միայն ոչ հմուտ, այլև կիսահմուտ և նույնիսկ բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Ահա թե ինչու են նոր տեխնոլոգիաներն այդքան վտանգավոր»,- ասաց մասնագետը։

Ի՞նչ անել
Ինչպես նշեց Հենչոն Քիմը, քանի որ ոչ ավանդական զբաղվածությունը դառնում է ավելի տարածված, կառավարությունները պետք է իրենց քաղաքականությունն ուղղեն այս միտումից բխող խնդիրների լուծմանը:

Ընկերությունները, ըստ մասնագետի, կարող են տարբեր ուղիներ մտածել հեռավար աշխատողների հոգեկան առողջության հետ կապված խնդիրները լուծելու համար: Օրինակ՝ նրանք կարող են մի կանոն մտցնել, ըստ որի՝ շաբաթը մեկ անգամ բոլոր աշխատակիցները պետք է հավաքվեն և ինչ-որ բան քննարկեն։ Իհարկե, սա կիրառելի չէ բոլոր ընկերությունների և բոլոր դեպքերի համար, սակայն որոշների դեպքում այն ​​կարող է բավականին լավ լուծում լինել։ Ավելին, նման հանդիպումների ժամանակ աշխատակիցները կարող են միմյանց հետ կիսվել նոր գաղափարներով, առաջարկել նոր լուծումներ, որոնք օգտակար կլինեն ընկերության համար։ Սա, ինչպես նշեց մասնագետը, շատ կարևոր է, մասնավորապես, տեխնոլոգիական ընկերությունների համար։

Անհրաժեշտ կլինի լուրջ որոշումներ կայացնել նաև եկամուտների և հեռավար աշխատող աշխատողների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերի պարագայում։

Ինչ վերաբերում է տնտեսական անհավասարության խնդրին և բազմաթիվ աշխատատեղերի վերացմանը, ապա, ըստ մասնագետի, հիմա պետք է մտածել այն մարդկանց մասին, որոնք հետագայում կարող են կորցնել իրենց աշխատանքը․ պետք է օգնել նրանց, որպեսզի յուրացնեն նոր գիտելիքներ և ձեռք բերեն նոր որակավորում, դառնան մասնագետ այլ՝ ավելի ժամանակակից և պահանջված ոլորտներում:

Ինքը՝ Հենչոն Քիմը, իր խոսքով, բավականին դրական է վերաբերվում այս հարցին։ Ըստ նրա՝ եթե հետադարձ հայացք գցենք պատմությանը, կարող ենք հիշել, որ 19-20-րդ դարերում, նույնիսկ 21-ի սկզբին շատ աշխատատեղեր ու մասնագիտություններ իսկապես վերացել են։ Բայց նրանց փոխարեն հայտնվեցին նորերը։ Իսկ հիմա՝ ԱԲ-ի դարաշրջանում ևս դրանք հայտնվում են։

«Պետք է մտածենք, թե ինչպես պետք է փոխվի կառավարությունների դերը ներկա իրողություններում. ապագա կառավարությունները պետք է առաջին հերթին կենտրոնանան մարդկանց պաշտպանելու վրա, այդ թվում՝ ժամանակակից տեխնոլոգիաների բացասական հետևանքներից»,- նշեց մասնագետը։

Նշենք, որ Հինչոն Քիմը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի հրավիրված հյուրերից ու մասնակիցներից է։ Նա մասնակցել է «Աշխատանքի ապագան. աշխատավարձ, պաշտպանություն և նպատակ» թեմայով քննարկմանը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031