Սփյուռքից Հայաստան եկող քաղաքացիների հոսքը 2024 թվականին կայուն է, տարվա ընթացքում միտումն էապես չի փոխվել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ նշելով, որ այս պահին որևէ փոփոխություն չեն էլ ակնկալում, եթե աշխարհում որևէ լուրջ բան տեղի չունենա:
Ըստ նրա՝ սփյուռքից դեպի Հայաստան եկող քաղաքացիների հոսքի մասով այս տարի պատկերը նույն, է ինչ 2023 թվականին:
«Հավանաբար 2022 թվականը այն տարին էր, երբ մենք առավել մեծ թվով հոսք ունեինք, և դա հիմնականում պայմանավորված էր ռուս-ուկրաինական պատերազմով: Քաղաքացիների հոսքը, իհարկե, տարաբնույթ է, սակայն այս տարի կրկին առավել շատ քաղաքացիների հոսք գրանցվել է Ռուսաստանից: Հոսք կա նաև Սիրիայից, Լիբանանից, Իրանից, Իրաքից, ինչպես նաև ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Ավստրալիայից»,- ասաց Սինանյանը:
Անդրադառնալով գրասենյակի առաջիկա ծրագրերի մասին հարցին՝ գլխավոր հանձնակատարը նշեց՝ առայժմ նոր ծրագրեր չունեն:
«Իրականացվող ծրագրերի մասով նշեմ, որ այն, ինչ ունենք, արդեն բավարար է և նույնիս դա շատ մեծ աշխատանք է պահանջում: Շարունակական բնույթ է կրում մեր «իԳործ» ծրագիրը, այս պահին պիլոտային փուլում է նաև «իԳործ մարզեր» ծրագիրը: Պիլոտային փուլում է նաև «ԴիասՊրո» ծրագիրը, որը «իԳործ»-ի ավելի փոքր և թեթև տեսակն է այն իմաստով, որ չի պահանջում մարդկանց մեկ տարվա ներկայությունը Հայաստանում․ այն նույնպես կամավորական սկզբունքներով ծրագիր է: Շարունակական է նաև երիտասարդ դեսպանների ծրագիրը, իսկ վերջերս ավարտեցինք այս տարվա «Քայլ դեպի տուն» ամառային ճամբարների փուլը»,-նշեց Սինանյանը:
Խոսելով սփյուռքի հանձնակատարների ինստիստուտի ձևավորման աշխատանքներից՝ նա ընդգծեց, որ այս տարի շատ ակտիվ շարունակելու են այդ ուղղությամբ աշխատանքները:
«Այս պահին Եվրոպայի տարբեր երկրներում նշանակված 17 հանձնակատար կա: Սեպտեմբերին կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովից հետո սկսելու ենք ԱՄՆ-ում, Կանադայում և Լատինական Ամերիկայում հանձնակատարների նշանակման գործընթացը: Սա նուրբ հարց է, քանի որ մինչև նշանակումը մենք համոզվում ենք, որ համայնքում համապատասխան ընկալումը կա, թե ինչ է իրենից ներկայացնում սփյուռքի հանձնակատարը, և մենք ունենք ճիշտ թեկնածուներ, որոնք համապատասխանում են այն չափանիշներին, որը մենք սահմանել ենք հանձնակատարների համար:
Գլխավոր հանձնակատարը նշեց՝ այս գործընթացը բավական լուրջ աշխատանք է պահանջում, բայց Եվրոպայում նշանակումների փորձը ցույց տվեց, որ աշխատանքը ճիշտ ուղղությամբ է գնում։ Ըստ նրա՝ աշխարհի տարբեր մասերում, որտեղ կան հայկական համայնքներ, այդ գործընթացը հաջող ընթացք է ունենալու: