Զապորոժիեի ատոմակայանում հրդեհը մարվել է, «տարածաշրջանի համար վտանգ չկա»

Զապորոժիեի ատոմակայանում հրդեհը վերջնականապես մարվել է, տուժածներ չկան, ատոմակայանի շուրջ ճառագայթային ֆոնը նորմայի սահմաններում է, հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային վարչությունը։

Ըստ ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի՝ «հիմնական հրդեհը մարվել է» երեկ ուշ երեկոյան՝ ժամը 23:30-ին։

«Ռոսատոմ»-ը հայտնել է, որ հովացման աշտարակի ներքին կառույցները «լուրջ վնասներ են կրել»։ Զապորոժիեի մարզի ռուսական վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին էլ նշել է, որ Էներգոդարի և ամբողջ տարածաշրջանի համար «վտանգ չկա», ռադիացիոն ֆոնը «նորմայի սահմաններում է»։

Երեկ հաղորդվեց, որ խոշոր հրդեհ է բռնկվել Ռուսաստանի կողմից վերահսկվող Զապորոժիե ատոմակայանում։ Տեսանյութը սոցիալական ցանցերում հրապարակել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Մոսկան ու Կիևը միմյանց էին մեղադրել հրդեհի համար։ Ռուսական կողմը հայտնել էր, թե հրդեհը բռնկվել է ուկրաինական կողմի ԱԹՍ հարվածից։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետները մուտք են խնդրել հովացման աշտարակ՝ վնասը գնահատելու համար:

1981 թվականին կառուցված Զապորոժիեի ատոմակայանը ամենամեծն է Եվրոպայում։ Դրա հզորությունը 6000 ՄՎտ է։ Այն այժմ էլեկտրաէներգիա չի արտադրում։

Զապորոժիեի ԱԷԿ-ն ունի վեց ռեակտոր: Ատոմակայանը գտնվում է ռուսական բանակի հսկողության տակ, սակայն աշխատող անձնակազմն ուկրաինացիներ են։

ԱԷՄԳ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսսին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր մի քանի անգամ այցելել է ատոմակայան՝ դրա շուրջ ստեղծված իրավիճակը որակելով ծայրահեղ անկայուն։

Անցած դեկտեմբերին «Ռոսատոմ»-ը և ԱԷՄԳ-ը պայմանավորվել են ատոմակայանի իրավիճակի շուրջ 2024-ի սկզբին խորհրդակցություններ անցկացնել։

Այս տարվա մարտին Գրոսսին այցելել է Ռուսաստան, Սոչիում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, «Ռոսատոմ»-ի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ՝ քննարկել Զապորոժիեի ատոմակայանի ապահովության, միջուկային անվտանգության հարցեր։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30