2024 թվականին 58,5 մլրդ դրամի աջակցություն ենք տրամադրել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին:
Այս մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված 3 ծրագրերի մասով՝ կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ, ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 89 մլրդ 370 մլն դրամ:
«Պետք է ուրախությամբ փաստեմ, որ տարեվերջին ակտիվություն սկսվեց բնակապահովության ծրագրի շուրջ, և 440 ընտանիք արդեն իսկ ստացել է հավաստագիր, որով մեր հայրենակիցները կարող են սկսել իրենց տների կառուցումը, բնակարանների ձեռքբերումը»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ 2024-ին նաև սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու ծրագիրն է իրականացվել:
Ըստ պաշտոնյայի՝ այն սկզբնական փուլում չի գործել, սակայն հետո լայն թափ է ստացել:
«Երբ ծրագիրը մեկնարկել էր, առաջ չէր գնում, լավարկումների լուսաբանումների արդյունքում շատ մեծ թափ ստացավ, և այս պահի դրությամբ մենք ունենք, ըստ էության, 2000 բնակարաններ, որոնք կառուցապատման տարբեր փուլերում են: Կան արդեն իսկ ավարտական ակտեր, և սա շարունակում է մնալ բավականին պահանջված:
Մենք որոշակի դադար վերցրինք, որպեսզի ուսումնասիրենք, բայց այս տարի՝ տարեվերջին, կրկին շահառուների որոշ խմբի համար ծրագիրը վերաբացեցինք: Խոսքը մասնավորապես Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար համայնքների մասին է, որտեղ նաև աջակցության ծրագիրը՝ 16 միլիոնը, դարձրինք 21 մլն, և Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրի համար առանձին քվոտա սահմանեցինք»,- նշել է նախարարը: