«Հեղափոխության ամենամեծ մարտահրավերն այն է, թե ոնց անել, որ հեղափոխությունը չհասնի զրոյական կետին։ Այսինքն՝ հասնի այն կետին, որից սկսել է»։ Արձանագրումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանինն է, որը վերջինիս կողմից արվեց օրերս՝ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հեղինակած՝ «Քայլ արա, մերժիր Սերժին» գրքի շնորհանդեսի ժամանակ։ Այս արձանագրումը հեղափոխության լիդերին 2018-ի ապրիլյան իրադարձություններից 8 տարի անց հակել է հետևյալ հետևությանը՝ «մեր երկրին էլի է հեղափոխություն պետք»։ Թիվ մեկ ակնկալիքը, որը ժողովուրդն ուներ թավշյա, ոչ բռնի, սիրո ու համերաշխության հեղափոխությունից, պետական ունեցվածքի նկատմամբ իրականացված անխնա թալանը դրա իրական տիրոջը՝ ժողովրդին, վերադարձնելն էր։ Ու այս գործում, բնականաբար, պետությունը պետք է զրո սեր ու համերաշխություն ցուցաբերեր հնչեղ անունով այն պետական պաշտոնյաների, «թալանտորգի» այն քայլող լեգենդների հանդեպ, որոնք կատարելության էին հասցրել կոռուպցիայի ու հովանավորչության, պետական ունեցվածքը «ակուրատնի» գրպանելու, օֆշորներում բիզնես-կայսրություններ հիմնելու սխեմաները։ «Թալանվածը՝ ժողովրդին, գողերն ու թալանչիները՝ բանտում»,- թերևս այսպիսին է հակիրճ ձևակերպումն այն ակնկալիքի, որն ունեին ու շարունակում են ունենալ հեղափոխության շարքային մասնակիցները հեղափոխության արդյունքում իշխանության եկած կառավարությունից։ Արդյոք այդ՝ գլխավոր ակնկալիքը բավարարվա՞ծ է հեղափոխությունից 8 տարի անց։ Թերևս կհամաձայնեք՝ ոչ։ Ոչ միայն լիարժեքորեն բավարարված չէ, այլև որոշ դեպքերում հոռետեսություն է հարուցում, թե՝ միգուցե այս իշխանության դանդաղկոտության, որոշ պատասխանատու ինստիտուտների սաբոտաժի հետևանքով այդպես էլ ամբողջ ծավալով չբավարարվի վերոհիշյալ լեգիտիմ ակնկալիքը։
Երբ վարչապետ Փաշինյանն ազդարարում էր՝ «էլի հեղափոխություն է պետք», ենթադրում ենք նկատի ուներ ոչ այնքան նոր՝ 2018-ի թավշյա հեղափոխության նմանությամբ նոր միջոցառման իրականացումը և կամ դրա կրկնությունը, որքան պետական մակարդակով, մեկ մարդու պես հեղափոխական որոշում կայացնելը՝ 2018-ի հեղափոխությունը լիարժեքորեն ավարտին հասցնելու համար։ Այն հեղափոխության, որը 2018-ին թակել է կոնկրետ ոլորտների, ինստիտուտների դռները, բայց դրանց շեմքից ներս մտնել չի հաջողել կամ էլ մտել է, բայց պետական համակարգում աշխատել շարունակող՝ նախկին իշխանության հետ աֆիլացված որոշ «շվեյցարներ» հյուրին սպասեցնում են նախասրահում։
Սպասեցնողներն ակնհայտորեն ծվարած են մասնավորապես վերոհիշյալ ակնկալիքները հասցեագրող ինստիտուտում՝ դատաիրավապահ համակարգում, որը 2018-ի հեղափոխությունն ընկալել է որպես իրենց ուղղված էկզիստենցիալ սպառնալիք, այդ համակարգում տարիներ ի վեր արմատացած կոռուպցիոն բարքերին, «ադաթներին», ընդհուպ՝ «սրբություններին» նետված մարտահրավեր, և որին պետք է անկոտրում դիմադրություն ցույց տալ՝ զրոյական կետի հասցնելու 2018-ին սկսվածը։ Հաշվի առնելով այս օրերին հարուցվող քրեական հետապնդումները նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչների վերաբերյալ, այդ գործերի իրավական մանրամասները, որոնք բացահայտում են այն կոռուպցիոն սխեմաները, որոնցով տեղի է ունեցել հանրային ունեցվածքի գրպանումը, ինչպես նաև Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման տասնյակ գործերը՝ հնարավոր չէ չհիշել ժամանակին առաջին նախագահի կողմից տրված պերճախոս ախտորոշումը՝ «լիովին մաֆիոզ, մինչև վերջին երանգը ստրուկտուրիզացված, վերից վար կոռումպացված, հանցագործ մի վարչակազմ, որի հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով, ոչ թե ժողովրդի կամքով, ոչ թե քաղաքական երկխոսությամբ, այլ գողական աշխարհի կարգուկանոնով»։
2019-ին Փաշինյանն ահազանգում էր դիմադրության մասին
Այն, որ ողջ պետական համակարգը կատաղի դիմադրում է հեղափոխությանը՝ դեռևս 2019-ին՝ հեղափոխությունից մեկ տարի անց, ազդարարել էր նաև Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ։ «Կներեք, չնեղանաք, բայց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը էլի տեղի է ունենում՝ ի հեճուկս պետական կառավարման համակարգի: Որովհետև ամբողջ իրավապահ համակարգին պետք է ժամանակ առ ժամանակ ասես՝ բա ի՞նչ եղավ, բա ի՞նչ եղավ: Ու պատճառ միշտ էլ կգտնվի, միշտ պատճառ կա՝ փորձաքննությունը, էն մեկը ցուցմունք չի տալիս, էն մեկը փախավ, էն մեկը չփախավ, էն մեկը ուզում է փախչի․․․ Եվ եկեք արձանագրենք, որ ամբողջ պետական համակարգը, այո, հեղափոխությանը դիմադրում է, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ: Որովհետև ՀՀ ժողովուրդն անձամբ ինձ և մեր քաղաքական ուժին ձայն է տվել, որ էս երկրում փոփոխություն տեղի ունենա»։
ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ նոր քրեական հետապնդումը վերջին շրջանի աղաղակող ապացույցն ու դրվագն է այն դիմադրության, որը դատաիրավական համակարգը ցուցաբերում է «հին» հեղափոխությանը։ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, Կառավարության նախորդ նիստերից մեկից հետո լրագրողների հետ ճեպազրույցում բացահայտեց այն սխեման, որով առաջնորդվում է դատական համակարգը հեղափոխությանը դիմադրելիս։ «Մենք ասել ենք՝ հարգում ենք իրավակարգը՝ անկախ ա, դատախազությունը անկախ է։ Թող նախկին դատախազը կամ որևէ մեկն ասի, որ էդպես չի եղել։ Մենք ֆինանսավորում ենք ավելացրել, աշխպատավարձ, ինչ պետք է՝ տվել ենք։ Ես էլ եմ հարց տալիս՝ ո՞նց ա լինում, որ մի խեղճուկրակի բռնում, տանում են 20 տարի նստեցնում են, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն արդարացվում են ՀՀ դատական համակարգով։ Ո՞նց։ Ձրի՞։ Ո՞նց ա լինում, որ Գագիկ Խաչատրյանը դատվում ա, դատավորը լկտիաբար դատը այնքան ա հետաձգում, որ ինքը թոշակի գնա, որ ամբողջ այդ իրավական պրոցեսը զրոյանա։ Ո՞նց, ձրի՞։ Լուրջ եք ասո՞ւմ․․․»։ 2020-ին մեկնարկած դատական գործընթացը, փաստորեն, այդպես էլ ավարտին չհասավ։ Նշենք, որ խոսքը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արթուր Մկրտչյանի մասին է։ 2022-ի աշնանից արդեն, դատախազի խոսքով, դատական նիստերը ոչ հիմնավոր և ոչ պատշաճ պատճառաբանություններով պարբերաբար հետաձգվել են։ Դատախազությունը փորձել է կանխել ձգձգումները, մի քանի անգամ միջնորդել փոխել Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը՝ գրավն ու բացակայելու արգելքը փոխարինել կալանքով, սակայն դատարանն այդ միջնորդությունները մերժել է։ Նկատենք, որ 2023 թվականին նշանակված դատական բոլոր 14 նիստերը հետաձգվել են․ 12 նիստ հետաձգվել է Խաչատրյանի վատառողջ լինելու հիմքով, 1-ը՝ պաշտպանի չներկայանալու, 1-ը՝ պաշտպանության կողմի՝ դատական նիստին պատրաստ չլինելու պատճառով։ 2024 թվականի հունիսին արդեն դատավոր Մկրտչյանի լիազորությունները՝ կենսաթոշակի անցնելու հիմքով, դադարեցվել են։ Ահա այսպիսի դիմադրություն՝ մեկ դրվագով։
Երեք «դ»-ի կոմբինացիա կամ՝ դատական դիմադրության դրվագներ
Ընթերցողը կհիշի դատական համակարգի կողմից ամենացնցող դիմադրության ակտը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին հեղափոխությունից հետո առաջադրված մեղադրանքով։ Նրան մեղադրանք էր ներկայացվել երկու առանձին քրեական գործով՝ մեկը աղմկահարույց «Մարտի 1-ի» գործն էր, որը փակվեց ՍԴ որոշմամբ, մյուս գործով, ըստ մեղադրանքի, Ռ․ Քոչարյանը 3 մլն դոլար կաշառք էր վերցրել գործարար Սիլվա Համբարձումյանից։ Այդ գործը դատարանում էր մոտ 4 տարի 4 ամիս և կարճվեց վաղեմության ժամկետի ավարտի հիմքով։ Քոչարյանը չարդարացվեց, բայց գործն այնքան ձգձգվեց, որ մեղադրյալին հնարավոր չէր պատժել։ Սույն գործով դատավորը ժամանակին շատ հայտնի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն էր։ ԲԴԽ-ն, հիշեցնենք, սույն դատավորի լիազորությունները դադարեցրեց 2024-ի հուլիսին։ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող սույն գործը, ըստ ԲԴԽ-ի, «ուներ բացառիկ կարևորություն թե՛ վարույթում ներգրավված անձանց շրջանակի կարգավիճակով, թե՛ նրանց մեղսագրվող արարքների քրեաիրավական բնույթով և ծանրության աստիճանով: Հետևաբար դատավոր Դանիբեկյանը պարտավոր էր գիտակցել, որ արդարադատություն է իրականացնում ՀՀ դատաիրավական պրակտիկայի պատմության ամենակարևոր գործերից մեկով և պետք է արդյունավետ կազմակերպեր և ողջամիտ ժամկետում իրականացներ արդարադատություն»: Մինչդեռ Դանիբեկյանն անգործության տարբեր դրսևորումներով նպաստել էր Քոչարյանի գործով օրենքով սահմանված վաղեմության ժամկետի լրանալուն և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն՝ այսպիսով «խաթարելով քրեական արդարադատության շահը, նպատակը և բուն էությունը»:
Եվս մեկ դիմադրություն. երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված, հանրության մեջ առավել հայտնի՝ «սալյարկայի գործով» մեղադրանքի քննությունը տևեց ավելի քան 4 տարի։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ Վահե Միսակյանի նախագահությամբ, 2024 թ․ մայիսին Սերժ Սարգսյանին արդարացրեց, ուշադրություն՝ հանցակազմի բացակայության հիմքով: Ս․ Սարգսյանի գործը, ըստ ԲԴԽ-ի, միջին որակով քննված գործ է, որտեղ կողմերն ու որոշ օբյեկտիվ հանգամանքներ ամեն ինչ արել են, որ գործը ձգվի ու վաղեմության ժամկետը ավարտվի։
Հակակոռուպցիոն դատարանն էլ 2026 թ. մարտին, հունիսի 7-ի համապետական ընտրություններից «մի ոտ շուտ», մեկ այլ աղմկահարույց՝ ընտրակաշառքի գործով արդարացրեց Գագիկ Ծառուկյանին։ Այս գործը դատարանում էր 2023 թվականից: ԲՀԿ առաջնորդը մեղադրվում էր 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր կուսակցության օգտին 90 միլիոն դրամ ընտրակաշառք տալու համար։ Սույն գործով անցնող Սեդրակ Առուստամյանը, որը Ծառուկյանի բիզնես կայսրության՝ «Մուլտի գրուպ»-ի տնօրենն է, մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքի կատարման համար՝ ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։ Ծառուկյանին, փաստորեն, հաջողվեց այս դրվագով «պլստալ» արդարադատությունից։ «Քննվում է Երրորդ հանրապետության պատմության ամենակարևոր գործերից մեկը, որովհետև ի վերջո ժողովրդի կամքի վրա բռնանալու համակարգված ինստիտուտ է բացահայտվում»,- 2020 թվականի հունիսին, նույն օրը, երբ Ծառուկյանին մեղադրանք էր առաջադրվել, այսպես էր այս քրեական գործը որակել Նիկոլ Փաշինյանը։
Դիմադրության հետևանքով արդարադատությունից պլստացածները
Արձանագրենք, որ հեղափոխությանը դիմադրելու՝ հակահեղափոխական վարքագծի մասին են վկայում այն ավելի քան մեկ տասնյակ գործիչները, որոնք իրավապահ համակարգի թողտվությամբ և, ինչու չէ՝ անգործության հետևանքով հաջողել են ծլկել երկրից ու խույս տալ արդարադատությունից։ Մասնավորապես ԴԱՀԿ նախկին պետ «Քեթրինի Միհրան»-ը՝ Միհրան Պողոսյանը, պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանը, Վիգեն Սարգսյանը, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի երկար տարիների նախկին ղեկավար, ՀՔԾ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահագն Հարությունյանը, բնապահպանության նախկին նախարար «Բուլկի Արամ»-ը՝ Արամ Հարությունյանը և այլք։
Հեղինե Մանուկյան





































