Հայաստանի կառավարությունն առաջարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մշակած կառավարության որոշման նախագիծը սեպտեմբերի 9-ին հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Հանրային քննարկումը կշարունակվի մինչև սեպտեմբերի 24-ը։
Նախագծի համաձայն՝ բաժնետոմսերի ձեռք բերողը լինելու է Հայաստանի Հանրապետությունը, իսկ օտարման գործընթացը համակարգող և դրա համար պատասխանատու լիազոր մարմինը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։Սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետ է սահմանվել 2027 թվականի մայիսի 1-ը։
Օտարման նպատակի իրագործումը պետք է սկսվի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը և ավարտվի մինչև հոկտեմբերի 1-ը։
Որպես օտարման նպատակներ նշվում են պետության և հասարակության անվտանգության, սպառողների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության, բնակչության անխափան էլեկտրամատակարարման, սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեության, ինչպես նաև էներգետիկ մատչելիության, կանխատեսելիության և հավասար հասանելիության ապահովումը։
Ըստ նախագծի՝ օտարումը կապահովի էլեկտրաէներգիայի անխափան, հուսալի և շարունակական մատակարարումը՝ նպաստելով Հայաստանում ավելի քան մեկ միլիոն սպառողի սպասարկմանը։ Այն նաև հնարավորություն կտա ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ իրականացնել արդյունավետ պետական վերահսկողություն։Նախագծում նշվում է, որ ՀԷՑ-ի նկատմամբ կիրառված ժամանակավոր կառավարումն ունի կանխարգելիչ և ժամանակավոր բնույթ ու չի կարող փոխարինել էներգետիկ ենթակառուցվածքի նկատմամբ երկարաժամկետ և կայուն գույքային վերահսկողությանը։ Այսպիսով, առաջարկվող կարգավորումը ՀԷՑ-ի կառավարման ժամանակավոր փուլից երկարաժամկետ լուծման անցում է նախատեսում։
Սեփականության օտարումը, ըստ փաստաթղթի, անհիմն վնաս չի պատճառի սեփականատերերին, քանի որ բաժնետոմսերի օտարումը կիրականացվի նախնական և համարժեք փոխհատուցմամբ՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված կարգով։Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը երկու ամսվա ընթացքում պետք է կազմի օտարվող գույքի նկարագրության արձանագրությունը։ Ժամկետը կարող է մեկ անգամ երկարաձգվել առավելագույնը ևս երկու ամսով։ Արձանագրությունը հաստատելուց հետո երեք ամսվա ընթացքում պետք է կազմակերպվի բաժնետոմսերի շուկայական արժեքի գնահատումը։
Բաժնետերերը ևս իրավունք կունենան սահմանված ժամկետում նախարարություն ներկայացնել Հայաստանի ռեզիդենտ իրավաբանական անձ հանդիսացող անկախ գնահատողի կազմած գնահատման հաշվետվությունը։Նկարագրության արձանագրությունում պետք է ներառվեն բաժնետոմսերի տեսակի, դրանցով նախատեսված իրավունքների և պարտականությունների, առկա ծանրաբեռնվածությունների, պարտավորությունների, երաշխավորների ու ռիսկերի վերաբերյալ տվյալներ։ Պետք է ներկայացվեն նաև ՀԷՑ-ի հաշվապահական գույքագրման, ստանձնած իրավունքների և պարտականությունների, նախկին վերակազմակերպումների ու բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի պատմության մասին տեղեկություններ՝ սկսած ընկերության մասնավորեցման պահից։Արձանագրության քննարկմանը կարող են մասնակցել բաժնետոմսերի սեփականատերերը կամ դրանք փաստացի տիրապետողները։
Բաժնետերերը և բաժնետոմսերի նկատմամբ գրանցված գույքային իրավունքներ ունեցող անձինք արձանագրությունն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում կարող են այն բողոքարկել նախարարությունում կամ դատարանում։ՀԷՑ-ն ունի 246 հազար 423 հասարակ անվանական բաժնետոմս։ Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը 83 հազար 900 դրամ է, իսկ դրանց ընդհանուր անվանական արժեքը՝ 20 միլիարդ 674 միլիոն 889 հազար 700 դրամ։«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին պատկանում է 172 հազար 496 բաժնետոմս՝ շուրջ 70 տոկոս բաժնեմաս, իսկ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը՝ 73 հազար 927 բաժնետոմս՝ շուրջ 30 տոկոս բաժնեմաս։






































