Skip to main content

«Ֆուլ Հաուս»-ը շարունակում է իր պատմությունը․ նոր շոուից մինչև մեծ էկրան վերադարձ. (լուսանկարներ)

Տասը տարի անց «Ֆուլ Հաուս»-ի պատմությունը շարունակում է զարգանալ՝ նոր շոուով, նոր պատմություններով և մեծ էկրան վերադարձի սպասումով։ Սեպտեմբերի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Full House Show»-ի նոր ծրագրի պրեմիերան։ Սիրված նախագծի անդամները կրկին միավորվեցին մեկ բեմում՝ հանդիսատեսին ներկայացնելով «Ֆուլ Հաուս»-ին բնորոշ հումորն ու զավեշտալի իրավիճակները։

Այս անգամ, սակայն, կազմը ամբողջական չէր․ ներկայացմանը ներկա չէին Գոռ Հակոբյանն ու Քրիստինա Եղոյանը։ Շոուի ընթացքում ֆուլհաուսցիները առողջություն մաղթեցին Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին, ով այս պահին ծնողների հետ Գերմանիայում է։ Իսկ Քրիստինայի բացակայությունն, ինչպես միշտ, դարձավ հումորի առիթ։ Նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, կատակեց, որ նույնիսկ 50 տարի անց Քրիստինան չի հասցնի լուծել իր «Ամերիկայի թղթերի» հարցը։

Հումորային այդ դրվագը շոուի այն հատվածից էր, որտեղ ֆուլհաուսցիները ChatGPT-ին խնդրում էին պատկերացնել իրենց 50 տարի անց։ Արհեստական բանականության համար, սակայն, ամենադժվար «առաջադրանքը» Մարջան Ավետիսյանին այդքան տարի անց պատկերացնելն էր։

Նոր շոուն միայն կենցաղային ու զավեշտալի պատմություններով չէր սահմանափակվում։ Ծրագրում տեղ էին գտել նաև քաղաքական թեմաներին անդրադարձող համարներ։ Ֆուլհաուսցիները հայտնվեցին տարբեր իրավիճակներում, խաղացին «Անհայտ բաժանորդ» ֆիլմից հայտնի խաղը, իսկ մեկ այլ դրվագում Մուշեղն ու Կամոն փորձում էին գումար վաստակել՝ փողոցում երգելով։

Քաղաքական թեմաները ևս ներկայացվեցին «Ֆուլ Հաուս»-ին բնորոշ հումորային լեզվով։ Տարբեր քաղաքական գործիչների հետ հերոսների «հանդիպումներն» ու նրանց նվիրված երգերը հանդիսատեսի համար շոուի ուշագրավ հատվածներից էին։ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ նման թեմաներին անդրադառնալիս իրենք փորձում են պահպանել չափը և երբեք չանցնել սահմանը։

Բեմական հումորին զուգահեռ երեկոն ունեցավ նաև իր ամենահուզիչ պահը։ Ներկայացման ընթացքում տեղի ունեցավ ամուսնության անակնկալ առաջարկություն, որը շոուի զվարճալի տրամադրությանը մի պահ փոխարինեց ռոմանտիկ ու հուզիչ մթնոլորտով։

«Ֆուլ Հաուս»-ի պատմությունն այսքանով չի ավարտվում։ Նախագիծն արդեն 12 տարվա պատմություն ունի, իսկ տարեսկզբին էկրան բարձրացած «Ֆուլ Հաուս․ Վայրէջք» ֆիլմը, ըստ պրոդյուսերի, ռեկորդային դիտումներ է ունեցել։ Ֆիլմի հաջողությունը, նրա խոսքով, ևս մեկ անգամ հաստատել է նախագծի նկատմամբ հանդիսատեսի հետաքրքրությունը։

Իսկ հաջորդ տարի «Ֆուլ Հաուս»-ը նախատեսում է վերադառնալ մեծ էկրան՝ ֆիլմի շարունակությամբ։ Այս անգամ այն կստեղծվի արդեն ամբողջական կազմով։

Մինչ այդ ֆուլհաուսցիները շարունակում են իրենց բեմական ճանապարհը։ Երևանյան հաջորդ հանդիպումը հանդիսատեսի հետ նախատեսված է հոկտեմբերի 2-ին՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Այնուհետև նոր շոու ծրագիրը կներկայացվի նաև Ռուսաստանի Դաշնությունում, Եվրոպայում և ԱՄՆ-ում։
Իսկ սեպտեմբերի 8-ի երեկոն ավարտվեց «Ֆուլ Հաուս»-ի խորհրդանշական երգով։ Միհրան Ծառուկյանը այն կատարեց հանդիսատեսի ակտիվ մասնակցությամբ՝ ևս մեկ անգամ միավորելով բեմում գտնվող ֆուլհաուսցիներին ու դահլիճը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930