Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակ փողոցի թիվ 1/7 հասցեում կառուցվող էլիտար շենքի վերելակն ընկել է հորանը, կա տուժած և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Փրկարարները կիսակռույց շենքի չտեղադրված վերելակի հորանից դուրս են բերել տուժածին և պատգարակով մոտեցրել օպերատիվորեն ժանանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային:
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության:
Տեղում համայնքային ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 65-ամյա Արտավազդ Գ.-ն է:
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, և պարզվում են դեպքի հանգամանքները: Հնարավոր է այն փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին:
Կայքը հայտնում է, որ կառուցվող շենքում չկար ոչ մի ցուցանակ, թե ով է կառուցապատողը, ով է թույլտվություն տվել շենքի կառուցման համար, երբ է սկսվել կառուցումը և երբ է ավարտվելու: