Skip to main content

Հաշմանդամություն ունեցող երեխայի մեկ ուղեկցողը հանրային տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն կունենա

Երևանի ավագանու քննարկման ներկայացրած նախագծով առաջարկվում է հանրային տրանսպորտից անվճար օգտվելու արտոնությունը տարածել նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցող մեկ անձի վրա։

Այս մասին ավագանու նիստի ընթացքում ասել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ թեև հաշմանդամություն ունեցող երեխաներն արդեն իսկ ունեն հանրային տրանսպորտից անվճար օգտվելու իրավունք, սակայն հաճախ տրանսպորտից ինքնուրույն օգտվելու դժվարություններ են ունենում և ուղեկցողի կարիք ունեն։

«Հաշվի առնելով, որ երեխաները հաճախ տրանսպորտից օգտվելու ինքնուրույն դժվարություններ ունեն և ուղեկցողի կարիք ունեն լիարժեք հասարակական տրանսպորտից օգտվելու համար, նաև քաղաքացիները այս հարցը ներկայացրել են պարոն քաղաքապետին՝ ներկայացվել է նախագիծ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձի՝ երեխայի, մասնավորապես, ով արդեն ունի անվճար օգտվելու իրավունք, մեկ ուղեկցողը նույնպես հնարավորություն ունենա օգտվել այդ արտոնությունից՝ անվճար երթևեկելու իրավունքից»,- նշել է Գրիգորյանը։

Փոխքաղաքապետի խոսքով՝ արտոնությունը չի վերապահվելու կոնկրետ անձի, օրինակ՝ հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողներից մեկին։ Անվճար երթևեկելու իրավունք կունենա տվյալ պահին երեխային ուղեկցող մեկ անձը՝ անկախ նրա հետ ունեցած ազգակցական կամ այլ կապից։

Ավագանու անդամներն առաջարկել են, որ արտոնությունը տարածվի ոչ միայն հաշմանդամ երեխաների, այլ նաև հաշմանդամություն ունեցող տարատարիք քաղաքացիների ուղեկցողների վրա։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031