Արևմտյան Եվրոպայի երկրների ֆոնդային ինդեքսները երկուշաբթի օրվա աճուրդներն ավարտել են աճով։
Տարածաշրջանի խոշորագույն ընկերությունների համախառն Stoxx Europe 600 ինդեքսը բարձրացել է 0,65%-ով՝ հասնելով 635,65 կետի։
Բրիտանական FTSE 100-ն ավելացել է 1%-ով, գերմանական DAX-ը՝ 0,8%-ով, ֆրանսիական CAC 40-ը՝ 0,4%-ով, իտալական FTSE MIB-ը՝ 0,6%-ով, իսկ իսպանական IBEX 35-ը՝ 1,3%-ով։
Ռիսկային ակտիվներին աջակցել է եվրագոտու երկրների պետական պարտատոմսերի եկամտաբերության նվազումը, ինչպես նաև համաշխարհային շուկայում ռուսական դիզելային վառելիքի մատակարարումների վերականգնման մասին լուրերը։
Հաշվետվությունների շրջանի մեկնարկով պայմանավորված՝ թրեյդերների ուշադրությունը կենտրոնացած է ընկերությունների քառորդային արդյունքների վրա, որոնք թույլ կտան ներդրողներին գնահատել եվրոպական կորպորատիվ հատվածի ֆինանսական վիճակը՝ աճող աշխարհաքաղաքական անորոշության և բարձր տոկոսադրույքների ֆոնին։
Այս շաբաթ, ի թիվս այլ ընկերությունների, հաշվետվություններ կհրապարակեն LVMH-ն, Volkswagen-ը, ASML-ը, Ericsson-ը և Pernod Ricard-ը։
Երկուշաբթի օրը Stoxx 600-ի բաղադրիչների շարքում աճի առաջատար է դարձել գերմանական Hensoldt-ը (+5,8%): Աճել են նաև պաշտպանական ոլորտի այլ կապալառուների բաժնետոմսերի գները, այդ թվում՝ Rheinmetall (+2,5%), Thales (+2%), Leonardo (+1,7%) և BAE Systems (+1,2%) ընկերությունները:
Nordex-ի կապիտալիզացիան ավելացել է 3,9%-ով այն լուրի ֆոնին, որ հողմային տուրբիններ արտադրող ընկերության պատվերների ծավալը երրորդ քառորդում տարեկան կտրվածքով աճել է 30%-ով։
Vallourec-ի արժեթղթերը թանկացել են 3,8%-ով այն տեղեկություններից հետո, որ պողպատե խողովակներ արտադրող ընկերությունը նավթագազային TotalEnergies-ից պայմանագիր է ստացել Ադրբեջանում գտնվող Ապշերոնի գազակոնդենսատային հանքավայրին արտադրանք մատակարարելու համար։
Infrastrutture Wireless Italiane (INWIT) ընկերության բաժնետոմսերի արժեքն ավելացել է 2,2%-ով։ Ավելի վաղ Reuters գործակալությունը գրել էր, որ բջջային կապի աշտարակների օպերատորը կարող է հետ գնվել բաժնետերերի կողմից և դուրս բերվել բորսայից։
Դրական դինամիկա են դրսևորել «լյուքս» դասի ապրանքներ արտադրող Hermes (+2,1%), Burberry (+1,9%), Moncler (+1,3%), LVMH (+1,2%) և Kering (+0,8%) ընկերությունները։
Lloyds (+2,4%), HSBC (+2,3%), BPER Banca (+2,2%), Santander (+2%), Standard Chartered և Barclays (երկուսն էլ՝ +1,9%), Societe Generale (+1,8%), ինչպես նաև NatWest (+1,7%) բանկերը զգալիորեն ավելացրել են իրենց շուկայական արժեքը։
Բարձրացել են նավթային ընկերությունների գնանշումները․ Shell (1,2%-ով), Eni (0,8%-ով), TotalEnergies (0,6%-ով), Equinor (0,4%-ով) և BP Plc (0,3%-ով)։
Համախառն ինդեքսում ամենամեծ կորուստներն արձանագրել է կադրային ընտրությամբ զբաղվող Adecco Group-ը, որը կորցրել է կապիտալիզացիայի 8,2%-ը՝ մրցակից Hays ընկերության թույլ հաշվետվության ֆոնին (վերջինիս բաժնետոմսերը էժանացել են 12,8%-ով)։ Ոլորտի մյուս ներկայացուցիչների արժեթղթերը նույնպես էժանացել են, այդ թվում՝ Michael Page-ը՝ 8,5%-ով, Robert Walters-ը՝ 5,5%-ով, և Randstad-ը՝ 1,6%-ով։
Բացասական ցուցանիշներով են փակվել կիսահաղորդչային արտադրանք արտադրող Infineon Technologies-ը (-2,8%), STMicroelectronics-ը և BE Semiconductor-ը (յուրաքանչյուրը՝ -2,2%), ASML-ը (-1,6%), ինչպես նաև գերմանական ավտոարտադրողներ Daimler Truck-ը (-0,9%), Mercedes-Benz-ը (-0,8%) և BMW AG-ն (-0,4%)։






































