Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը. (տեսանյութ)

Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ ստորագրեցին։ 

«Ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողով, ինչը ենթադրում է ընդլայնել փոխգործակցությունը տնտեսական, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության և միջանձնային հարաբերությունների ոլորտներում»,-իր խոսքում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը մենք ստորագրում ենք այսօր, ձևավորում է ամուր հիմք և մեր համագործակցությանը դարձնում ավելի հավակնոտ»,- իր հերթին նշեց Միրզոյանը։

Նա հավելեց, որ փաստաթուղթն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության համագործակցության խորացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և օրենքի գերակայության խթանում, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների զարգացում, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ընդլայնում։

«Մենք խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը Հայաստանի անկախությանն, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Նույնքան կարևոր է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և տնտեսական դիմակայունության խթանման գործում։

Մենք խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության խթանման գործում։ Մենք կարծում ենք, որ կայուն և բարգավաճող Հարավային Կովկասը բխում է տարածաշրջանային բոլոր դերակատարների և ավելի լայն միջազգային հանրության շահերից»,- հավելեց Միրզոյանը:

Ավելի վաղ Երևանում կայացած ասուլիսին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել էր Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի տեղափոխելու, այդ նպատակով կայանալիք պաշտոնական երկկողմ հանդիպման ու սպասվող փաստաթղթի մասին հարցին:Արտգործնախարարը չէր հերքել տեղեկությունը, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրելու են ռազմավարական գործընկերության համաձայնագիր։

Առանց փակագծեր բացելու՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել էր, որ հայ-ամերիկյան նախկին պայմանավորվածությունները ենթադրում են նման փաստաթղթի ստորագրում:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031