Երևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը։ Սա արդեն պարզապես բնապահպանական խնդիր չէ․ սա մարդկանց առողջության հարց է, այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը։
«Մենք բոլորս տեսնում ենք այդ փոշին՝ փողոցներում, շենքերի պատուհաններին, մեքենաների վրա։ Բայց ամենավտանգավորն այն է, ինչ չենք տեսնում․ այդ նույն փոշին մենք ամեն օր շնչում ենք։ Մենք, մեր երեխաները, մեր ծնողները։
Այս իրավիճակը չի կարելի ընդունել որպես սովորական երևույթ և սահմանափակվել միայն հերթական թվերի հրապարակմամբ։
Պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է Երևանում օդն այս վիճակում, որո՞նք են հիմնական պատճառները, ի՞նչ է արվում դրանք վերացնելու համար և ո՞վ է պատասխանատու արդյունքի համար։
Որպես ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ այս հարցը լինելու է մեր ուշադրության կենտրոնում։
Մարդը չպետք է առողջությամբ վճարի իր քաղաքում ապրելու համար։
Մաքուր օդը արտոնություն չէ։
Մաքուր օդը մարդու ամենատարրական իրավունքն է»,- նշել է նա։






































