Խնդիրն Օպերայի թատրոնի ներքին էլեկտրատնտեսությունում է. ՀԷՑ-ն արձագանքել է

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը երեկ հաղորդագրություն է տարածել, համաձայն որի ս.թ. օգոստոսի 7-ին բալետային ներկայացման ժամանակ էլեկտրամատակարարող ընկերության կողմից, առանց նախապես ծանուցելու, տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատում, որի պատճառով դադարեցվել է հերթական ներկայացումը։

ՀԷՑ-ն այս բողոքին արձագանքել է.

««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը վերջին շրջանում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից մի քանի անգամ ահազանգ է ստացել այն մասին, որ Թատրոնում պարբերաբար տեղի են ունենում հոսանքազրկումներ:

Խնդիրը պարզելու նպատակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմը մի քանի անգամ ստուգայց է կատարել, ուսումնասիրել Թատրոնի էլեկտրամատակարարման սխեման և պարզել, որ առկա է խնդիր Թատրոնի ներքին էլեկտրատնտեսությունում: Մեր մասնագետները տվյալ հանգամանքը մանրակրկիտ բացատրել են Թատրոնի համապատասխան աշխատակիցներին՝ ներկայացնելով անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն: Ընդհատումները պայմանավորված են Թատրոնին պատկանող էլեկտրատնտեսության թերություններով՝ տրանսֆորմատորները ենթակա են նորոգման, կարգաբերման, հնարավոր է նաև՝ փոխարինման:

Ս.թ. օգոստոսի 7-ին թատրոնում ներկայացման ժամանակ տեղի ունեցած էլեկտրաէներգիայի ընդհատումից հետո «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցները մեկ անգամ ևս այցելել են Թատրոն և մեկ անգամ ևս արձանագրել խնդիրը:

«ՀԷՑ» ՓԲԸ բաշխիչ ցանցի այդ հատվածում թերություններ չեն հայտնաբերվել: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պատրաստակամ է տրամադրել լրացուցիչ մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ Թատրոնին հնարավորինս աջակցելու համար»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30