ՌԴ Կուրսկի մարզում ծանր մարտեր են ընթանում, կան զոհեր

Ռուսաստանի Կուրսկի մարզում շարունակվում է Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հարձակումը, որը սկսվել է օգոստոսի 6-ից։ Գիշերվա ընթացքում մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման, գնդակոծվել է Սուջա քաղաքը, որը գտնվում է ռուս-ուկրաինական սահմանից 10 կմ հեռավորության վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ-ը հաղորդում է 5 զոհի և 24 վիրավորի մասին։

Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ գիշերը երկրի զինված ուժերը և Անվտանգության դաշնային ծառայության ուժերը շարունակել են ոչնչացնել Ուկրաինայի զինված խմբավորումները ռուս-ուկրաինական սահմանի անմիջական մերձակայքում։

ՌԴ ռազմական գերատեսչությունը նշում է, որ ռուսական կողմը տարբեր միջոցների կիրառմամբ թույլ չի տվել, որ հակառակորդը առաջանա դեպի ՌԴ տարածքի խորքերը։ ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ուկրաինական կողմը Կուրսկի սահմանի մոտ կորցրել է 260 զինվոր, 50 միավոր տեխնիկա։

Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը Telegram-ում գրել է, որ հարվածներ են հասցվում մեքենաներին, քաղաքային թաղամասերին։ Նա կոչ է արել բոլորին արյուն հանձնել։ Սմիրնովը հայտնել է նաև, որ մշտական կապի մեջ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մարզում չեղարկվել են բոլոր զանգվածային միջոցառումները։

Գնդակոծության ենթարկվող տարածքներից տարհանել են ավելի քան 200 մարդու, 1000 մարդ հեռացել է սեփական փոխադրամիջոցներով։

Իր հերթին BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ սահմանամերձ գոտում զինված խմբավորումներին հաջողվել է մի քանի ուղղություններով ճեղքել սահմանը, ընթանում են մարտեր։ Ըստ ականատեսների՝ հարձակումը տեղի ունենում մի քանի ուղղություններով, մեծ թվով մարտիկների մասնակցությամբ և զրահատեխնիկայով։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30