Ինչ են քննարկել Սրբազանն ու քաղաքական ուժերը փակ ֆորմատով․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախօրեին լայն, բայց փակ հանդիպում էր կազմակերպել քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ, որը կարելի է իր բնույթով ռեկորդային իրադարձություն համարել, քանի որ սրբազանին հաջողվել էր մի հարկի տակ հավաքել պառակտված հայաստանյան ներքաղաքական ներկապնակի ավելի քան 50 տարբեր կալիբրի կուսակցությունների առաջնորդների եւ ներկայացուցիչների, որոնց հետ մի քանի ժամ քննարկել են շարժման հետագա ընթացքը, իշխանափոխության տարբեր սցենարներ։Հանդիպումից հետո մասնակիցները երկակի զգացողություններ ունեն, ոմանք մասնավոր զրույցում պատմում էին, թե ձանձրալի եւ ոչ այնքան առարկայական հանդիպում է տեղի ունեցել, քանի որ սրբազանը չի մանրամասնել անելիքները՝ պլան Ա-ից հետո ինչպիսին է լինելու պլան Բ-ն կամ Գ-ն։

Իսկ ոմանք էլ, հակառակը՝ բավականին տպավորված են նրա ինքնավստահությունից եւ կարծում են, որ միտումնավոր չի գաղտնազերծել հետագա անելիքները, քանի որ դեռեւս հայտնի չէ՝ արդյոք ներկաներից բոլո՞րն են վստահելի եւ արդյո՞ք ներդրված չեն իշխանությունների կողմից։ Հանդիպման սկզբում սրբազանը ցանկություն է հայտնել լսել բոլորի պատկերացումները շարժման հետագա ընթացքի վերաբերյալ, սակայն կեսից քննարկումն այլ հուն է մտել: ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, ով գրեթե մշտապես ուղեկցում է սրբազանին, առաջարկել է քննարկել վարչապետի թեկնածուի հարցը, թե ում են պատկերացնում քաղաքական ուժերը, եւ ըստ այդմ` քննարկել բոլոր ճանապարհները։

Մեզ ասացին, որ այս հարցում կոնսենսուս է ձեւավորվել, գրեթե բոլորն անառարկելիորեն պնդել են սրբազանի թեկնածությունը, բացառությամբ մեկի՝ Սամվել Բաբայանի կուսակցի, ով դիրքորոշում է հայտնել, որ չնայած կողմ են Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, բայց վարչապետի թեկնածության վերաբերյալ առայժմ չունեն հստակ դիրքորոշում։ Ներկաները հետաքրքրվել են՝ արդյոք խորհրդարանը կփոխի՞ Սահմանադրության նորմը, որով կվերանա երկքաղաքացի սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելու արգելքը։ Շարժման առաջնորդն ասել է, որ ամեն բան կախված է լինելու ժողովրդական ճնշումից, այդ թվում՝ խորհրդարանում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։

Առաջարկներ են հնչել խորհրդարանական ընդդիմությանը` մանդատները վայր դնելու մասին, սակայն հասկացել են, որ խորհրդարանում է հանգուցալուծումը լինելու, ուստի այս պահին սխալ է մանդատները վայր դնելը, մանավանդ` վայր դնելուց հետո արտահերթ ընտրություն նշանակելը պարտադիր չէ: Պատգամավոր Արծվիկ Մինասյանն իրավաբանորեն հիմնավորել է դա՝ ապացուցելով այս պահին մանդատները վայր դնելու ոչ նպատակահարմարությունը։

Առաջարկ է հնչել՝ եթե կա կոնսենսուս վարչապետի թեկնածուի շուրջ, ուրեմն կարելի է միասնական հայտարարության տեքստ քննարկել, սակայն Բագրատ սրբազանն ասել է, որ դրա ժամանակը չէ, ինքը դեռեւս չի զրուցել Վեհափառի հետ իր` վարչապետի թեկնածու առաջադրվելու վերաբերյալ, ուստի մինչ այդ զրույցը չի կարելի Վեհափառին հայտարարությամբ անակնկալի բերել։ Ասել է, որ այդ հանդիպումը նախաձեռնել է՝ հասկանալու համար, թե ում են քաղաքական ուժերը պատկերացնում վարչապետի թեկնածու։ Ասել է նաեւ՝ ովքեր ցանկություն ունեն, կարող են առանձին հայտարարություններ անել, հարցազրույցներ տալ, բայց ոչ միասնական հայտարարությամբ։ Մեզ վստահեցրին, որ հանդիպման ժամանակ այլ թեկնածուի անուն չի հնչել, թեեւ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են մասնակցել հավաքին։

Այդուհանդերձ, որոշ ազդեցիկ ուժեր ներկա չեն եղել սրբազանի հետ հանդիպմանը, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ն, Լեւոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը եւ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի նորաստեղծ կուսակցությունը, որոնց հետ առանձին են հանդիպումները կայացել։ Իսկ Մարությանը երեկ արձագանքեց սրբազանի կողմից հանդիպման առաջարկին՝ դրական արտահայտվելով շարժման մասին եւ խոստանալով խոսել «սեւ ու սպիտակի» մասին, որի ձեւակերպումը 2018 թ. ինքն է տվել:

Նա նշել է նաեւ, որ «գաղափարական խոր անհամաձայնություն» ունի շարժման կողքին կանգնած հիմնական քաղաքական ուժերի ու հարթակից հնչած մի շարք թեզերի հետ, սակայն ընդունում է, որ 2018-ից հետո մայիսյան հանրահավաքն ամենաբազմամարդն էր, ուստի ընդունում է հանդիպման հրավերը։ «Սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել Հայ առաքելական սուրբ եկեղեցու թեմակալ առաջնորդի եւ սիրված հոգեւորականներից մեկի հետ՝ իմ հարգանաց հավաստիքը նրան անձամբ փոխանցելու եւ, ինչու ոչ, զրուցելու «չարի ու բարու, ստի եւ ճշմարտության» (ինչպես սրբազանն է ասում) կամ «սեւ ու սպիտակ ուժերի» (ինչպես ես եմ ասում) մշտարդիական պայքարի մասին»,- գրել է նա իր էջում։

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն էլ իրենց բացակայությունն այսպես հիմնավորեց․ «Մենք նախորդ օրը սրբազանի հետ հանդիպել էինք, ողջունել ենք շարժումը, այն մեզ համար ընդունելի է: Ավելին՝ այս իշխանությունը հազարապատիկ է վաստակել իր դեմ պայքարը:

Անկեղծ զրույց ենք ունեցել, ասել, որ կհետեւենք զարգացումներին։ Քանի որ նախորդ օրն ամեն ինչ զրուցել էինք, այդ հանդիպումը մեզ ոչինչ չէր տալու»։ ԲՀԿ-ից երեկ ողջ օրը չկարողացանք որեւէ ներկայացուցչի հետ զրուցել, թեեւ լուրեր կան, որ նրանք եւս հանդիպել են սրբազանի հետ, եւ հայտարարությունը, որ մի խոշոր ուժ է շուտով միանալու իրենց, հենց ԲՀԿ-ին է վերաբերում։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930