Սեպտեմբերի 23-ին և 24-ին Հայաստանի տարածքում գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ, որոնք մի շարք շրջաններում գերազանցել են երբևիցե դիտված պատմական առավելագույն ցուցանիշները։
«Ինչպես և կանխատեսվել էր, սեպտեմբերի 23-ին և 24-ին արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման հետևանքով հանրապետության ողջ տարածքում գրանցվել է բավականին բարձր ջերմային ֆոն: Մի շարք շրջաններում ցերեկը գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական առավելագույն արժեքները»,-հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 24-ի դրությամբ օրական միջին ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կլիմայական նորմայից բարձր է եղել 5-7 աստիճանով, ինչը որակվում է որպես անոմալ տաք եղանակ։
Եղանակային պայմանները առաջիկա օրերին կլինեն անկայուն՝ տարբեր շրջաններում ուղեկցվելով կարճատև անձրևներով ու ցիկլոնով։
Սեպտեմբերի 25-ին և 26-ին ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ հնարավոր են միայն Գեղարքունիքի և Վայոց ձորի առանձին հատվածներում:
Սեպտեմբերի 27-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 28-ի հետկեսօրյա և երեկոյան ժամերից Հայաստան արևմուտքից կներթափանցի տեղումնաբեր ցիկլոն։





































