ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են․ հայտնում են ՊՆ-ից։
Նշվում է, որ սեպտեմբերի 23-ին պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՊՆ N զորամասում հայտարարել է ուսումնական տագնապ, որի շրջանակում հետևել է անձնակազմի գործողություններին, ստուգել ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը և սահմանված ժամկետում առաջադրված խնդիրների կատարման ընթացքը։
Սուրեն Պապիկյանն այցելել է նաև հանրապետության մարզերից մեկում կառուցվող ամրացված շրջան, որը շուտով պատրաստ կլինի շահագործման հանձնվելու։
Ստուգայցերի շրջանակում նախարար Պապիկյանը ծանոթացել է զորամասերում իրականացվող նոր ենթակառուցվածքների շինաշխատանքների ընթացքին, հետևել զինծառայողների համար նախատեսված սննդի պատրաստման գործընթացին։
Նախարարը հանդիպել և զրուցել է նաև 25-օրյա վարժական հավաքների մասնակիցների հետ՝ հետաքրքրվելով նրանց ծառայողական պայմաններով, առօրյայով և պատրաստության ընթացքով։
Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել կարգապահական տարատեսակ խախտումներ թույլ տված զինծառայողների հետ։ Պաշտպանության նախարարը պահանջել և խնդրել է խստագույնս պահպանել զինվորական կարգապահությունը և հետայսու աչքի ընկնել միայն օրինակելի ծառայությամբ։






































