Skip to main content

Թրամփի վարչակազմը մինչև ֆինանսական տարվա ավարտը գրեթե 400 մլն դոլարի ռազմական օգնություն կցուցաբերի Ուկրաինային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մինչև սեպտեմբերի վերջ իրավաբանորեն կամրագրի Ուկրաինային տրամադրվող 400 միլիոն դոլարի ռազմական աջակցության գրեթե ողջ գումարը (որը հաստատվել էր Կոնգրեսի կողմից։ Սա թույլ կտա կանխել ֆինանսական տարվա ավարտին միջոցների չեղարկումը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ծրագրին ծանոթ երեք աղբյուրների։

Խոսքը Ուկրաինայի անվտանգությանն աջակցելու նախաձեռնության (Ukraine Security Assistance Initiative, USAI) շրջանակում հատկացվող ֆինանսավորման մասին է։ Այս շաբաթվա սկզբի դրությամբ՝ Պենտագոնն արդեն ձևակերպել է հատկացված 400 միլիոն դոլարից շուրջ 307 միլիոնի պարտավորությունները։

Մնացած 93 միլիոն դոլարը վարչակազմը նախատեսում է պայմանագրերով ամրագրել մինչև սեպտեմբերի 30-ը՝ ԱՄՆ-ում ֆինանսական տարվա վերջին օրը։ Ընդ որում, պարտադիր չէ ամբողջ գումարն իրականում ծախսել մինչև այդ ամսաթիվը․ դրամական միջոցները կպահպանվեն, եթե սահմանված ժամկետում ձևակերպվեն համապատասխան իրավական պարտավորությունները։

USAI ծրագրի համար պատասխանատու Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանել Reuters-ի տեղեկությունը։

Այս ֆինանսավորման շրջանակում սպառազինության և սարքավորումների առաջին մատակարարումները սկսվել են սեպտեմբերին։ Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ դրանք ներառում են հարձակողական զինատեսակներ, տարբեր սարքավորումներ և զրահատեխնիկայի պահեստամասեր։ Ակնկալվում է, որ մատակարարումների մնացած մասը կիրականացվի մինչև 2029 թվականի հոկտեմբերը, չնայած Թրամփի նախագահական լիազորությունների ժամկետն ավարտվում է նույն տարվա հունվարին։

Միևնույն ժամանակ, աղբյուրներից մեկը Reuters-ին հայտնել է, որ նոր փաթեթում Patriot ՀՕՊ համակարգերի համար նախատեսված կալանիչ հրթիռներ չեն լինելու։

Սա տեղի է ունենում անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների կիրառմամբ Ուկրաինայի ուղղությամբ ռուսական շարունակական հարվածների ֆոնին։ Patriot հրթիռների պաշարներն աշխարհում սահմանափակ են, այդ թվում՝ ԱՄՆ-Իրան պատերազմի և ուկրաինական հակամարտության պատճառով առաջացած մեծ պահանջարկի հետևանքով։ Կիևը բազմիցս դիմել է Վաշինգտոնին՝ այս համակարգերի համար լրացուցիչ հրթիռներ տրամադրելու խնդրանքով։

Դեռ հուլիսին Թրամփի վարչակազմը Կոնգրեսին տեղեկացրել էր, որ Ուկրաինային սպառազինության մի մասի մատակարարումը կարող է տարիներ տևել։ Նախկինում Պենտագոնը մի քանի անգամ կասեցրել կամ հապաղեցրել էր մատակարարումները՝ պատճառաբանելով ամերիկյան սպառազինության բավարար պաշարներ պահպանելու անհրաժեշտությունը։

Այս հապաղումները դժգոհություն էին առաջացրել Կոնգրեսում։ Քննադատությամբ հանդես էին գալիս ինչպես դեմոկրատները, այնպես էլ Թրամփի որոշ կուսակիցներ՝ ընդգծելով, որ Կոնգրեսը դեռևս դեկտեմբերին էր հաստատել Կիևի համար նախատեսված համապատասխան ֆինանսավորումը։

Այդուհանդերձ, վերջին ամիսներին Թրամփի վարչակազմի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում դարձել է ավելի դրական։ ԱՄՆ նախագահը հավանություն է տվել Ուկրաինային Patriot կալանիչ հրթիռների արտադրության արտոնագիր տրամադրելու առաջարկին, ինչպես նաև ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքը։

Այս շաբաթ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, Թրամփը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Զելենսկիի խոսքով՝ կողմերը քննարկել են Ռուսաստանի հետ պատերազմի դադարեցմանն ուղղված ջանքերը, այդ թվում՝ էներգետիկ ենթակառուցվածքներին հասցվող հարվածների հնարավոր երկկողմ դադարեցումը։

2022 թվականի փետրվարին Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր Ուկրաինան մնում է ԱՄՆ ռազմական աջակցության ամենամեծ ստացողը։ Այնուամենայնիվ, 2025 թվականի հունվարին Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց և Կոնգրեսի երկու պալատներում հանրապետականների վերահսկողություն հաստատելուց հետո, Կիևին ամերիկյան աջակցության ապագան դարձել է քաղաքական վեճերի առարկա Վաշինգտոնում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930