Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Երեւանում մեկնարկեց «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 24-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը:
«Ավելի քան երեսուն տարի մենք աշխատում ենք Հայաստանում ակնաբուժական ծառայությունների բարելավման ուղղությամբ. շարունակում ենք ամրապնդել մեր տարածաշրջանային ակնաբուժական կենտրոններն ու կլինիկաները՝ որակյալ ակնաբուժական ծառայություններն ավելի մոտ և հասանելի դարձնելով դրանց կարիքն ունեցող մարդկանց, ընդլայնում ենք մեր կրթական ծրագրերը՝ մասնագիտական կրթաթոշակների և վերապատրաստումների միջոցով։ Մեր նոր համազգային ծրագիրը կօգնի առաջնային օղակի բժիշկներին ավելի վաղ հայտնաբերել ակնային խնդիրները և հիվանդներին ժամանակին ուղղորդել համապատասխան ակնաբուժական ծառայությունների։ Այսօր, երբ աշխարհի տարբեր անկյուններում այդքան շատ մարդիկ դժվարությունների են բախվում, մեզանից յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ։ Այստեղ՝ Հայաստանում, մենք մեր բաժին գործն ենք անում՝ բուժելով հիվանդներին, կիսվելով մեր գիտելիքներով և օգնելով մարդկանց պահպանել իրենց տեսողությունն ու անկախությունը։ Ես կոչ եմ անում ձեզանից յուրաքանչյուրին հնարավորության սահմաններում օգնել ուրիշներին։ Մենք չենք կարող լուծել բոլոր խնդիրները, բայց կարող ենք իրական փոփոխություն բերել թեկուզ մեկ մարդու կյանքում։ Սա միշտ եղել է «Հայկական ակնաբուժական նախագծի» գործունեության հիմքում», — տեսաուղերձում ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը:

Ողջունելով ներկաներին`Առողջապահության նախարարի տեղակալ Շահանե Մնացականյանն նշեց․ «Հատկապես ուրախ եմ այսօր այստեղ գտնվելու համար, քանի որ նման մասնագիտական հարթակները ոչ միայն հնարավորություն են տալիս ներկայացնելու նոր գիտելիքներ, տեխնոլոգիաներ և մասնագիտական փորձ, այլև ստեղծում են համագործակցության այն միջավայրը, որն անհրաժեշտ է առողջապահության կայուն զարգացման համար։ Ցանկանում եմ առանձնահատուկ կարևորել Հայկական ակնաբուժական նախագծի ներդրումը Հայաստանի առողջապահության համակարգում։ Տարիների ընթացքում կազմակերպությունը մեծ աշխատանք է իրականացրել ակնաբուժական ծառայությունների զարգացման, մասնագիտական կարողությունների ամրապնդման և ժամանակակից մոտեցումների ներդրման ուղղությամբ։ Այսօր արդեն այդ աշխատանքը տեսանելի է ոչ միայն առանձին ծրագրերի, այլև ակնաբուժության ոլորտի ընդհանուր զարգացման մեջ»։

«Ի շարունակություն Հայկական ակնաբուժության նախագծի շարունակական ծրագրերի, անցնող տարվա ընթացքում կարեւոր տեղ են գտել կրթական նախաձեռնությունները՝ ուղղված ինչպես ակնաբույժների, այնպես էլ առողջապահության ոլորտի այլ մասնագետների գիտելիքի ընդլայնմանը և փորձի փոխանակմանը։ Միաժամանակ կարեւորում ենք եղջերաթղանթի փոխպատվասման դոնորության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման ծրագիրը, որը սկսել ենք այս տարի», իր խոսքում նշեց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը։
Երկօրյա համաժողովին կներկայացվեն ակնաբուժության արդի ուղղություններին՝ մանկական ակնաբուժությանը, գլաուկոմային, նեյրոակնաբուժությանը, ցանցաթաղանթի եւ եղջերաթաղանթի հիվանդություններին, ռեֆրակտիվ վիրաբուժությանը, օպտոմետրիային վերաբերող զեկույցներ, պոստեր պրեզենտացիաներ: Առանձին պանելային քննարկում է անցկացվելու հայ եւ արտասահմանցի գործընկերների կողմից՝ քննարկելու ակնաբույժների և այլ մասնագետների միջմասնագիտական համագործակցության կարևորությունը՝ պացիենտների առավել արդյունավետ և համապարփակ բուժումն ու խնամքն ապահովելու համար։

Համաժողովի աշխատանքներով ամփոփվում է Հայկական ակնաբուժության նախագծի 66-րդ բժշկական առաքելությունը Հայաստանում։ ԱՄՆ-ից, Կանադայից, Ռուսաստանից, Իսրայելից, Ավստրալիայից եւ Բուլղարիայից ժամանած բժիշկ կամավորները Հայաստանում էին՝ ոլորտի միջազգային նորությունները հայ գործընկերների հետ քննարկելու եւ փորձի փոխանակման համար։ Մեկշաբաթյա հագեցած ծրագրի ընթացքում բժիշկ կամավորները մայրաքաղաքի ակնաբուժական կլինիկաների, ինչպես նաեւ ՀԱՆ-ի մարզային ակնաբուժական կենտրոնների ակնաբույժների հետ իրականացրեցին բարդ դեպքերի վիրահատություններ, երիտասարդ ակնաբույժների համար կազմակերպվեցին դասախոսություններ, Հայկական ակնաբուժության նախագծի եւ Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի համատեղ WetLab-ում աշխատանքներ եւ այլն: Տեղի ունեցավ Չոր աչքի և աչքի մակերեսի բարդ հիվանդությունների գերազանցության կենտրոնի բացումը, ինչպես նաեւ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի Արտաշատի մարզային ակնաբուժական ախտորոշման կլինիկայի բացումը։ Այն հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, ինչը մարզի բնակչության համար ակնային խորացված հետազոտությունների եւ ամբուլատոր պայմաններում բուժման հնարավորություն կտա:






































