Մեր ժողովուրդն իր պատմական փորձից ելնելով, շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ․

«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ։

79 տարի առաջ այս օրը նշանավորվեց ֆաշիզմի դեմ մղած մեծ պատերազմում առաջադեմ մարդկության հաղթանակով։ Հայ ժողովուրդն այդ հաղթանակում ունեցավ իր մեծ ավանդը և տվեց ծանր կորուստներ։

Մայիսի 9-ի խորհուրդը սակայն, միայն ռազմական հաղթանակով չէ, որ սահմանափակվում է, այդ հաղթանակը նախ և առաջ ազատության, խաղաղության և ապագայում էլ անարդար պատերազմները կանխարգելելու բովանդակություն ունի։

Թանկագին հայրենակիցներ,

Մեր ժողովուրդն իր պատմական փորձից ելնելով, շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը:

Այսօր, երբ մեր պետությունը կրկին կանգնած է բարդ մարտահրավերների և փորձությունների եզրագծին, Երկրորդ համաշխարհային ու Արցախյան պատերազմում զոհված մեր պապերի, հայրերի, եղբայրների և որդիների հիշատակի առաջ մեր պարտքը, պարտականությունն ու պատասխանատվությունն է անձնվիրաբար պաշտպանել և պահպանել մեր պետության անկախությունը, ազատությունը, հաստատել խաղաղություն մեր երկրի և ժողովրդի համար, և իհարկե, ջանք ու եռանդ չխնայել մեր պետության ամրապնդման ու հզորացման գործում։

Կրկին շնորհավորելով այս տոնական օրվա կապակցությամբ խաղաղություն ու բարգավաճում մեր պետությանը, քաջառողջություն մեր վետերաններին և հավերժ փառք զոհված հայորդիներին»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031