Հազարավոր մարդիկ են բերման ենթարկվել, որեւէ դեպք հիշո՞ւմ եք, որ մեկի մոտ ինչ-որ արգելված իր հայտնաբերվի. Քոչարյան

Մենք 2018 ից սկսած իսկ 2020 թվից հետո նաև ուրիշ շատերը պայքար ենք մղում այս իշխանությունների դեմ, որը, մեր ու շատերի համոզմամբ, երկիրը տարել է կործանման և շարունակում է։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 4–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Այս ամբողջ պայքարի ընթացքում բոլորս ականատես ենք եղել, մի մասը մասնակից է եղել փողոցային տարբեր շարժումների ընդվզումների։ Փողոցային ակցիաների ժամանակ հազարավոր մարդիկ են բերման ենթարկվել, հիշո՞ւմ եք, որեւէ մի դեպք, որ որևէ մեկի մոտ ինչ-որ արգելված իր հայտնաբերվի, զենք հայտնաբերվի, նման մտադրություն լինի ընդհանրապես։ Եթե այդ ճանապարհով գնալուց լինեինք, եթե նման մտադրություն լիներ, գոնե ինչ-որ մի փաստ կլիներ, չէ՞, դա ապացուցող»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ ձայնագրություններ են հրապարակվել, Լեւոն Քոչարյանն ասաց. «Բոլոր երկրներում, տարբեր ընդվզումների ժամանակ, խաղաղ անհնազանդության ակցիաների քննարկման ժամանակ կարող են հնչել տարբեր կարծիքներ: Ինձ անձամբ այնքան մարդ մոտեցել է, նաև հիմարություն կարող է ասած լինի, ուրիշ մտքեր ունենա, դա չի նշանակում, որ դա պետք է դառնա գործողություն։ Հիմա թող ձայնագրեն, օրինակ, բեսեդկաներում խոսակցություններ, խոհանոցներում խոսակցություններ, հազար ոը մի բան մարդիկ կարող են խոսել։

Այն, ինչ նույն Արթուր Սարգսյանի մասով հրապարակել են, չկա ոչ մի բան դա փաստող, ինչ-որ տարբեր խոսակցություններ են կտրված, շատ տեղերում գրված է՝ լսելի չէ, ինչ են ասում։ Օրինակ,

ինչ-որ մեկը կարող է գալ, ինչ-որ վատ առաջարկություն անել, բայց հետո դրա արձագանքը, որ դա մեզ համար ընդունելի չէ, այդպես չենք անելու, այդ մասը, օրինակ, կտրեն, հանեն ու մանիպուլյատիվ ժողովրդի զգացմունքների վրա խաղան»։

Ինչ վերաբերում է նրան, որ ձայնագրության մեջ Բագրատ Սրբազանը խոսում է 25 հոգանոց խմբեր ձեւավորելու մասին, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Ես կարող եմ ենթադրել ու դա ողջամիտ ենթադրություն է, դուք տեսել եք տարբեր փողոցային ակցիաներ, մի մասին ես էլ եմ մասնակցել, տարբեր խմբեր են լինում։ Օրինակ, մենք ո՞նց էինք անում դիմադրության շարժման ժամանակ, եթե որոշում էինք, որ առավոտից պետք է ինչ-որ փողոցներ փակենք, այդ ձևով ցույց տանք մեր անհնազանդությունը, որոշում էինք խմբերով գործել։ Օրինակ, ես ասում էի՝ ես իմ ընկերների հետ այսինչ փողոցն եմ փակելու, այն մյուսը՝ այնինչ փողոցն է փակելու։

Հիմա իրենք ասում են՝ միջպետական ճանապարհները պետք է փակվեին, ու սա ներկայացվում է որպես հանցագործություն։ Սա հանցագործություն չի, ժողովուրդ ջան, սա արել են շատերը, տարբեր տեղեր, տարբեր երկրներում, մեր երկրում, այսօրվա իշխանության մեջ գտնվողներն են սա արել։ Սա խաղաղ անհնազանդության ակցիա է, որը ցույց է տալիս անհամաձայնությունը իշխանության կատարած գործողությունների հանդեպ և սրա մեջ փորձել դնել ուրիշ բան, ուղղակի աբսուրդ է»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031