Հայաստանը կարող է ուժեղ պետություն դառնալ միայն այն դեպքում, երբ օրենքը դառնա անսակարկելի արժեք. ԱԺ նախագահ

Հայաստանը կարող է դառնալ ուժեղ պետություն միայն այն դեպքում, երբ օրենքը դառնա անսակարկելի արժեք։ Սահմանադրության օրվա կապակցությամբ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը։ Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության և քաղաքացիական հասունության մակարդակը։
Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ։ Այն մեր ինքնության, արժանապատվության և ազատության արտահայտումն է։ Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ։

Որպես Ազգային ժողովի նախագահ՝ իմ հստակ համոզմունքն է՝ Հայաստանը կարող է ուժեղ պետություն դառնալ միայն այն դեպքում, երբ օրենքը դառնա անսակարկելի արժեք։ Ոչ մեկ չպետք է իրեն վեր դասի օրենքից` անկախ իր կարգավիճակից և հասարակության մեջ զբաղեցրած դիրքից։Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորելով այս կարևոր օրվա առթիվ, վերահաստատում եմ, որ մենք շարունակելու ենք անել հնարավորը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար լինեն»,-գրել է Սիմոնյանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031