«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար դատախազ Աննա Վարդապետյանի՝ ԱԺ միջնորդագիր ներկայացնելուն, ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի Հոդված 108-ի՝ «Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը»,
3-րդ կետի պահանջները, այն է՝
«Եթե միջնորդագրում նշված պատգամավորը հարցի քննարկման սկզբում Ազգային ժողովի նիստից ԱՆՀԱՐԳԵԼԻ պատճառով բացակայում է, ապա հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության»,
քպ նախաձեռնությամբ` այսօր Նիկոլ Փաշինյանի դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողով՝ իմ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին՝ առողջական խնդրի պատճառով իմ հարգելի բացակայության պայմաններում։
Հուլիսի 1-ին ԱԺ նախագահին իմ կողմից ուղարկվել է գրություն՝ առ այն, որ չեմ կարող ներկա լինել ԱԺ արտահերթ նիստին, քանի որ հունիսի 27-ից վերականգնողական կենտրոնում ստանում եմ վերականգնողական բուժում, և այն դեռ ընթացքի մեջ է․ գրությանը կցվել է բուժհաստատության տեղեկանքը։
Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության իշխող խմբակը, լինելով տեղեկացված իմ ժամանակավոր անաշխատունակության վերաբերյալ, կազմակերպել է այս շոուն իմ և իմ գործընկերների դեմ՝ հետապնդելով երկու հիմնական նպատակ՝
շեղել հանրության ուշադրությունը իրենց իսկ ձեռամբ ստեղծված, մեր պետության դեմ ուղղված ծանրագույն սպառնալիքներից և ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնեցված՝ շարունակել հետևողականորեն չեզոքացնել բոլոր այն քաղաքական, հասարակական, զինվորական գործիչներին, բարերարներին, հոգևորականներին, ովքեր պայքարում են հանուն Արցախի, Հայաստանի, հանուն հայ ժողովրդի և նրա հոգևոր արժեքների լինելիության։