Միջազգային հանրությունը պետք է միջոցներ գործադրի՝ զսպելու ՀՀ նկատմամբ Ադրբեջանի, Թուրքիայի նկրտումները. սիրիացի դեսպան

Դեսպան, Սիրիայի ԱԳՆ Դիվանագիտական ինստիտուտի տնօրեն, ԱՄՆ-ում և Չինաստանում Սիրիայի նախկին դեսպան Իմադ Մուստաֆան կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է գործադրի հնարավոր բոլոր միջոցները՝ կաշկանդելու, սահմանափակելու հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ընդլայնողական նկրտումները: Դիվանագետը համոզված է նաև՝ առանց Թուրքիայի միջամտության և ռազմական օգնության՝ Լեռնային Ղարաբաղի ողբերգությունը տեղի չէր ունենա:

«Արմենպրես»-ը զրուցել է Իմադ Մուստաֆայի հետ՝ Հայաստան այցի հիմնական նպատակի, տարածաշրջանային ու անվտանգային հարցերի, Սիրիայում հայկական համայնքի դերակատարության և այլ թեմաների շուրջ:

— Պարոն դեսպան, նախ կխնդրեմ ներկայացնեք Հայաստան այցի նպատակը, ի՞նչ պայմանավորվածություններ եք ձեռք բերել:

— Մասնագիտական մակարդակով այցի նպատակը հետևյալն է. ես Սիրիայի արտգործնախարարության դիվանագիտական ինստիտուտի տնօրենն եմ, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ունի հիանալի դիվանագիտական դպրոց, և մենք ցանկանում էինք համագործակցություն, իրական ամուր հարաբերություններ հաստատել երկու ինստիտուտների միջև: Մենք ցանկանում էինք փոխըմբռնման հուշագիր ստորագրել։ Որպես դրա սկիզբ՝ Հայաստանի դիվանագիտական դպրոցը 12 սիրիացի դիվանագետների հրավիրեց Հայաստան՝ մասնակցելու դիվանագիտության երկշաբաթյա դասընթացին: Մենք էլ հուսով ենք, որ մի քանի հայ դիվանագետների փոխադարձաբար կհրավիրենք այցելել մեր ինստիտուտ և մասնակցել աշխատաժողովների, դասընթացների: Այսպիսով, մասնագիտական մակարդակում սա է Հայաստան այցիս նպատակը: Բայց նաև անձնական հետաքրքրվածություն կա Հայաստանի նկատմամբ. ինչպես, հավանաբար, գիտեք, յուրաքանչյուր սիրիացի Հայաստանն իր սրտին շատ հարազատ է համարում՝ Սիրիայում սիրիահայերի յուրահատուկ ավանդի շնորհիվ: Նրանք գերազանցության են հասել ամեն ինչում, ինչ արել են: Սիրիայում յուրաքանչյուր հայ եղել է Հայաստանի հիանալի դեսպան։ Այնպես որ, Հայաստանը Սիրիայում բարձր են գնահատում։ Եվ որպես սիրիացի՝ ես միշտ երազել եմ այցելել Հայաստան՝ տեսնելու այս գեղեցիկ երկիրը, որը մեզ է ուղարկել այդ գեղեցիկ, խելացի, աշխատասեր, ազնիվ մարդկանց։

— Որպես դիվանագետ՝ ինչպե՞ս եք գնահատում հայ-սիրիական հարաբերությունների ներկայիս մակարդակը:

— Մի կողմից հարաբերությունները գերազանց են։ Երկու ժողովուրդների հարաբերությունների ջերմությունն ու խորությունն արտացոլված են նաև երկու երկրների կառավարությունների հարաբերություններում։ Այսպիսով, երկու կառավարությունները կապ են հաստատում միմյանց հետ, համագործակցում են, խորհրդակցում: Նույն հարցերի վերաբերյալ մենք մեծամասամբ միասնական դիրքորոշում ունենք: Մյուս կողմից՝ միայն այս մակարդակով չեմ բավարարվում։ Ես ուզում եմ երկու երկրների հարաբերությունները տեսնել շատ ավելի լավ և ուժեղ, քանի որ ես Ձեզ նկարագրեցի Սիրիայի ժողովրդի և Հայաստանի ժողովրդի միջև հարաբերությունների խորությունը:

— Ըստ Ձեզ՝ Հայաստանն ու Սիրիան ի՞նչ ընդհանուր հետաքրքրություն ունեն, ո՞ր ոլորտներում եք համագործակցության հեռանկարներ տեսնում:

— Պետք է հիշել, որ ընդհանուր պատմություն ենք ունեցել հայ ժողովրդի և Սիրիայի պատմության ընթացքում: Մենք միշտ ունեցել ենք հարաբերություններ, ներգրավվածություններ։ Երևի գիտեք՝ մեր պատմության մեջ մի պահ Տիգրան Մեծը նաև Սիրիայի թագավոր է եղել։ Դամասկոսը և Հալեպը Տիգրան Մեծի օրոք մեծ թագավորության մասն էին: Բայց պատմության այլ ժամանակաշրջաններում ևս մենք ունեցել ենք շատ ամուր կապեր և փոխանակումներ: Ունեցել ենք նաև տխուր պատմություն այն բանի հետևանքով, ինչ թուրքերը, Թուրքիան արեցին հայերին ցեղասպանության ժամանակ, նաև՝ ցեղասպանությունից առաջ և նույնիսկ՝ ցեղասպանությունից հետո, նաև այն բանի հետևանքով, ինչ Թուրքիան արեց Սիրիային։ Այսպիսով, մենք ունենք ընդհանուր ցավեր, ընդհանուր պատմություն, ինչպես նաև ընդհանուր ձգտումներ՝ հանուն մեր տարածաշրջանի և մեր ժողովրդի ավելի լավ ապագայի:

— Պարոն դեսպան, ինչպես գիտեք՝ Հայաստանը ներկայում մարտահրավերների է բախվում: Ադրբեջանի հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանվեցին ավելի քան 100 հազար հայեր: Խախտված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Հայաստանը ձգտում է խաղաղության, սակայն, ինչպես գիտեք, արդեն երկար ժամանակ է, ինչ չի հաջողվում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հասնել: Այսպիսով, որպես Սիրիայի դիվանագիտությանը քաջատեղյակ անձ, ի՞նչ եք կարծում՝ Սիրիան ի՞նչ դեր կարող է խաղալ այս առնչությամբ, ո՞րն է, ընդհանուր առմամբ, Սիրիայի դիրքորոշումն այս հարցում:

— Նախ՝ Սիրիան լիովին աջակցում է հայկական դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հարցում։ Սիրիան, ինչպես գիտեք, պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Մեր խորհրդարանը որոշում ընդունեց՝ գիտակցելով և ընդունելով հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության փաստը։ Ահա, թե ինչու է, որ մենք հատկապես զգայուն ենք, երբ այսօր տեսնում ենք ցանկացած զարգացում, որը հայ ժողովրդին ցավ է պատճառում և պատճառ դառնում Լեռնային Ղարաբաղից հիմնականում դեպի Հայաստան, նաև՝ այլուր, ևս մեկ արտագաղթի, ևս մեկ սփյուռքի ձևավորման: Սա մեզ շատ անհանգստացնում է: Մենք մեծ կարեկցանք ենք տածում Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ և դատապարտում ենք նրանց հետ կատարվածը։ Պետք է խոստովանեմ, որ մենք շատ քիչ բան կարող ենք անել այս հարցում օգնելու համար, քանի որ, կարծում ենք, որ առանց Թուրքիայի միջամտության և ռազմական օգնության, Լեռնային Ղարաբաղի նոր ողբերգությունը տեղի չէր ունենա։ Թուրքիան այսօր նույնն է անում Սիրիայի հետ: Նրանք միջամտություն են կատարում և աջակցում են Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին, պաշտպանում են նրանց։ Մենք ևս այսօր Սիրիայում տուժում ենք թուրքական գործողությունների պատճառով։

— Իսկ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի Սիրիան:

— Մենք ամբողջությամբ պաշտպանում ենք հայկական դիրքորոշումն, ամբողջությամբ: Եվ կարծում ենք, որ հայ ժողովրդի իրավունքն ու պարտականությունն է պահպանել իր տարածքային ամբողջականությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031