Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Հայաստան» խմբակցության՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում էր չեղարկել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը։
ՀՀ ֆինանսների նախարարությունը նախագծի վերաբերյալ ներկայացրած եզրակացության մեջ նշել է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունը սկզբունքորեն անընդունելի է։
«Նախագծի ընդունման հիմնավորմամբ առկա իրավիճակի խորքային վերլուծություն, խնդիրների վերհանում չի իրականացվել և ներկայացվել է ապագայում ենթադրյալ առաջացող խնդիրների վերլուծություն։ Մինչդեռ, անհրաժեշտ էր բացահայտել ոլորտի ընթացիկ իրավիճակը, խնդիրները, առաջարկվող կարգավորումների անհրաժեշտությունը, վերլուծել նախատեսվող կարգավորումների ռիսկային գործոնները։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունն սկզբունքորեն անընդունելի է։
Հայտնում ենք նաև, որ նախագիծը չի բխում Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի ներդրվելու է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործուն համակարգ, որը կնպաստի նաև միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» համակարգի ներդրմանը»,- նշված է որոշման՝ կառավարության ներկայացրած հիմնավորումների մեջ:
Ֆինանսների նախարարությունն ավելի ուշ նաև պարզաբանում է տարածել՝ տեղեկացնելով. «ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ տարածվող տեղեկատվությունն առ այն, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը նախատեսվում է չեղարկել, չի համապատասխանում իրականությանը։
Օրենքի նախագիծը ներկայացված էր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից, որի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունն սկզբունքորեն անընդունելի է։
Հորդորում ենք վստահել միայն նախարարության պաշտոնական հաղորդագրություններին և կեղծ տեղեկատվություն չտարածել»։