Չի լինելու ոչ մի կոմպրոմիս. դրանով ստիպում ենք, որ գյուղը ցեխի միջից դուրս գա. Փաշինյանը՝ գույքահարկը բարձրացնելու մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը որոշում է ներկայացել Կառավարություն, համաձայն որի, ըստ ՀՀ ֆինանսների նախարարի, ակնկալվում է կասեցնել հարկման բեռի աճը: Որոշման նախագիծը Կառավարության՝ մարտի 13-ի նիստին ներկայացրեց նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կասեցնել 2021 թվականից տարեցտարի զգալի չափով ավելացող հարկման բեռի աճը, որն ունի հակասոցիալական և անարդար բնույթ: Այսինքն՝ նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել 2026 թվականի հունվարի 1-ից հերթական՝ շուրջ 30 տոկոսի չափով գույքահարկի բեռի ավելացում նախատեսող օրենսդրական դրույթը»,- պարզաբանեց նախարարը:

Այս համատեքստում Վահե Հովհաննիսյանը նկատեց՝ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը անշարժ գույքի հարկման նպատակով որպես հարկման բազա հիմք են ընդունվել կադաստրային արժեքները, որոնք եղել են խիստ թերագնահատված, և ոլորտի բարեփոխման նպատակը շուկայական արժեքին մոտարկված արժեքների հիման վրա հաշվարկվող համակարգին անցում կատարելն է և դրանով իսկ տեսանելի հարստությանը և ունեցվածքին համարժեք հարկում ապահովելն է:

Մյուս կողմից, մինչև նոր համակարգի ներդրումը գործող գույքային հարկերի ամբողջ ներուժը կազմում էր ՀՆԱ-ի 0,2 տոկոսը, ինչը, ըստ նախարարի, չափազանց ցածր ցուցանիշ է համադրելի երկրների համեմատությամբ: Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ տարբեր երկրներում այդ ցուցանիշը հասնում է 1-3 տոկոսի:

«Այսինքն՝ ՀՀ-ում անշարժ գույքի հարկի ներուժը՝ որպես համայնքային բյուջեների եկամտի կարևոր աղբյուր, գործնականում գրեթե չի օգտագործվել: Հատկանշական է նաև այն, որ համակարգի վերանայման արդյունքում 2026-ի հարկի ներուժը 2026-ին կանխատեսվող ՀՆԱ-ի նկատմամբ գնահատվում է շուրջ 0,35 տոկոս, այսինքն՝ ավելացումը լինելու է ընդամենը 0,15 տոկոսային կետով, ինչը նշանակում է, որ անշարժ գույքի հարկի բեռը դեռ շարունակում է ցածր լինել»,- նկատեց նախարարը՝ տեղեկացնելով, որ ընտրվել են հարկման իմաստով հնարավորինս արդար և համաչափ հարկում ապահովող տարբերակները:

«Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ մինչև 25 մլն դրամ արժեք ունեցող բնակարանները և անհատական բնակելի տները կազմում եմ բոլոր բնակարանների և բնակելի տների ավելի քան 85 տոկոսը: Այս խմբի գույքային միավորների մասով ամբողջ 6 տարվա ժամանակահատվածում հարկային բեռի բարձրացումը էական չէ, և կարող է կազմել շուրջ 20 հազար դրամ: 25-200 մլն դրամ արժեք ունեցող բնակարանների և բնակելի տների կշիռը կազմում է 11 տոկոս: Այս խմբի մասով հարկի միջին աճը կազմում է 50 հազար դրամ. սրանք տարեկան ցուցանիշներն են»,- ասաց նախարարը և եզրակացրեց՝ սա շատ փոքր ազդեցություն կարող է ունենալ բեռի աճի վրա: Ըստ այդմ՝ նախարարը հայտարարեց, որ որոշման նախագիծն ընդունելի չէ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ պետբյուջեն անշարժ գույքի հարկի գումարից զրո եկամուտ է ստանում, և այդ հարկվող գումարները ստանում են համայնքները: Դրա արդյունքում է, որ 2019-ից համայնքային բյուջեներն ավելացել են:

«Ինչքան էլ բարդ է, ինչքան էլ դժվար է, ինչքան էլ պոպուլյար չէ, մենք այս որոշումը կայացրել ենք և պինդ կանգնելու ենք այս որոշման վրա: Կներեք, բայց այս հարցում չի լինելու ոչ մի կոմպրոմիս, որովհետև մենք այս հարցով ստիպում ենք, որ համայնքը զարգանա, որ համայնքն ավելի լավ ապրի, ստիպում ենք, որ գյուղը ցեխի միջից դուրս գա»,- ասաց Փաշինյանը:

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց որոշման նախագծին:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31