Ոստիկանության համար, եթե կա օպերատիվ տվյալ զենք-զինամթերքի առկայության կամ թմրամիջոցի օգտագործման, կամ ցանկացած այլ իրավախախտման մասով, չկա որևէ տարբերություն, թե տվյալը որ անձի մասով է ստացվում։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ ոստիկանները օրերս բերման ենթարկեցին ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թեկնապահներին՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով, ապա բաց թողեցին, իսկ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանին ուղեկցողների մեքենաներն արդեն 5-րդ անգամ են նույն հիմքով կանգնեցնում:
«Եթե տվյալը կա, բնականաբար այդ տվյալը պետք է իրացվի։ Տվյալի իրացման արդյունքում կարող է հաջողություն գրանցվել, այսինքն տվյալը կարող է լինել ռեալ, բայց տվյալը կարող է լինել նաև վերջնարդյունքում ոչ հավաստի»,-նշել է նախարարը:
Դիտարկմանը, թե քանի՞ անգամ եք ապօրինի զենք հայտնաբերել, օրինակ Խաչատուր Ծուղյակյանին կամ Արթուր Վանեցյանին ուղեկցող մեքենաներում, նա արձագանքել է. «Դուք տանում եք անհատականացման, ես բերում եմ ընդհանրական մոտեցումների դաշտ։ Մի անձի դեպքում կարող է դա հաստատվել, մյուս անձի դեպքում կարող է դա չհաստատվել, բայց այն, որ ոստիկանությունը պետք է որևէ օպերատիվ տվյալ չիրացնի, դա ուղղակի անընդունելի մոտեցում է»:
Հարցին՝ եթե հիմա ես տվյալ ունեմ, որ ձեզ ուղեկցող մեքենայի մեջ ապօրինի զենք կա, հիմա, որ դուրս գաք, կասե՞ք, որ ձեր դիմակավորված տղերքին ասֆալտին փռեն, նախարարը ժպիտով ասել է. «Ինձ ուղեկցող մեքենայի մեջ այո, կա զենք, բայց դրանք օրինական են»: