Պարո՛ն Ռուբինյան, մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի օգնականը՝ Հաջիևը, մի խումբ դիվանագետների հետ գտնվում էին էթնիկ զտման ենթարկված Արցախում և մեր պատմամշակութային ժառանգությունը ներկայացվում էր որպես աղվանական։ Այս մասին Ազգային ժողովում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:
«Էթնիկ զտումից հետո սա փաստացի մշակութային ցեղասպանության դրսևորում է և մենք էլ պառլամենտական երկիր ենք, որպես պառլամենտական երկրի պառլամենտի ղեկավար, ես ուզում եմ՝ Դուք Ձեր դիրքորոշումը հայտնեք այս իրավիճակի նկատմամբ:
Որքանո՞վ են այս քայլերն ավելի մոտեցնում, Ձեր ընկալմամբ, խաղաղության հաստատմանը և պատրաստվո՞ւմ եք Դուք դիրքորոշում հնչեցնել, որ Գանձասարը հայկական է:
Ի վերջո հազարավոր տղաներ չեն զոհվել, որ այսօր Դուք չկարողանաք մեկ բառ անգամ ասել նրա մասին, որ Գանձասարը հայկական է»,-նշել է Աննա Գրիգորյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին։






































