ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը Factor TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հնարավորությանը։
Հարցին, թե արդյոք ՔՊ իշխանությունը խնդիր չի տեսնո՞ւմ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մեջ և Հայաստանն անվտանգային խնդիր չունի՞ Թուրքիայի հետ, Վիլեն Գաբրիելյանը պատասխանել է.
«Այն առաքելությունը, որով որ 102-րդ ռազմաբազան տեղակայվել է Հայաստանի Հանրապետությունում, նա չի իրագործել։ Մասնավորապես, բազմիցս մատնանշվել են 21 և 22 թվականի դեպքերը, երբ որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը ենթարկվել է հարձակման»։
Գաբրիելյանի խոսքով, ռազմաբազայի դուրսբերումը բացասաբար չի ազդի Հայաստանի անվտանգության վրա։
Ի պատասխան հարցի, թե Հայաստանը Ռուսաստանին կդիմի՞ բազան հանելու պահանջով, Գաբրիելյանը նշել է.
«Կարծում եմ, որևիցե բան բացառված չէ այս ապագայում։ Դա երկու պետությունների փոխհարաբերությունների շրջանակում մեր իրավունքի մեջ է մտնում, որովհետև, ըստ պայմանագրի, ռազմաբազան կարող է Հայաստանի Հանրապետությունից դուրս բերվել կողմերից մեկի պահանջով»։




































