Հրայր Հովնանյանի 96-ամյակին նվիրված միջոցառումները՝ Երևանում, հիմնադրամի ծրագրերն ու առաջիկա նախաձեռնությունները
Սեպտեմբերի 11-ին և 12-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցու պուրակում կազմակերպվել է դասական և ժողովրդական երաժշտական երեկո՝ ուղեկցվող եկեղեցու ճարտարապետության վրա հատուկ մշակված մանրանկարներով բացառիկ լուսային ձևավորմամբ՝ նվիրված ամերիկահայ գործարար և բարերար Հրայր Հովնանյանի 96-ամյակին։
Վերջինիս գործունեության, հիմնադրամի ծրագրերի և միջոցառման մասին tvnews.am-ի հետ զրույցում խոսել է՝ «Հրայր Հովնանյան ընտանեկան հիմնադրամ»-ի երևանյան գրասենյակի տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։
-Պարոն Խաչատուրյան մեր զրույցը սկսենք՝ խոսելով Հրայր Հովնանյանի անցած ճանապարհի, և իրականացրած նախագծերի մասին։
-Հրայր Հովնանյանը ծնվել է 1930 թվականին Իրաքի Քիրքուք քաղաքում, սովորել է Բաղդադում, ապա հաստատվել Միացյալ Նահանգներում, որտեղ մեծ հաջողությունների է հասել բիզնեսում։ 1986 թվականին նա հիմնադրել է իր անունը կրող բարեգործական հիմնադրամը։ Հիմնադրամի գործունեությունը կապված է Հայաստանին և հայությանը աջակցելու, ինչպես նաև տարբեր ծրագրերի իրականացման հետ։
Հիմնադրամը ստեղծվել է դեռևս Հայաստանի անկախացումից առաջ, նպատակը Հայաստանին և հայությանը աջակցելն է՝ ոչ միայն բարեգործական, այլև զարգացման ծրագրերի միջոցով։
Հովնանյանը կարևոր դեր է ունեցել նաև Ամերիկայի հայկական համագումարի գործունեության մեջ։ Նա մասնակցել է դրա հիմնադրմանը, եղել հիմնական ֆինանսավորողներից մեկը և երկար տարիներ ղեկավարել կազմակերպությունը։
1990-ականներին նա փորձել է գտնել Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստող հնարավորություններ։ Նրա կարծիքով՝ Հայաստանի զարգացման համար կարևոր էր նավահանգիստ ունենալը։
Հովնանյանը պատրաստ էր Հայաստանի հարևան երկրներից մեկում նավահանգիստ ձեռք բերել և նվիրել Հայաստանին։ Այդ ուղղությամբ փորձեր են արվել, մասնավորապես՝ Վրաստանի նավահանգիստներից մեկի հետ կապված։ Բանակցությունները տարիներ են տևել, սակայն արդյունքի չեն հասել։
Մյուս ուղղությունը, որը նա կարևոր էր համարում, էներգետիկան էր։ Նա ֆինանսավորել է ուսումնասիրություններ իրականացնել՝ պարզելու համար, թե արդյոք Հայաստանում նավթի պաշարներ կան։ Քիրքուքից լինելով՝ նա գիտեր տարածաշրջանում նավթի առկայության մասին և հետաքրքրվում էր, թե ինչու հարևան երկրներում այն կա, իսկ Հայաստանում ոչ։ Հիմնադրամը դրամահավաք կազմակերպություն չէ։ Այն ունի ֆինանսական միջոցներ, որոնք օգտագործում է տարբեր ծրագրերին աջակցելու համար։
-Ի՞նչ ծրագրեր է իրականացնում «Հ. Հովնանայան ընտանեկան հիմնադրամ»-ը։
-Հիմնադրամն ունի մի շարք ծրագրեր. այն ծրագրերը որոնք այսօր մենք իրականացնում ենք՝ HIKEArmenia, Դեպի Հայք — Birthright Armenia
Վերադարձ Հայաստան — Repat Armenia, Հայ կամավորների միություն — ARMENIAN VOLUNTEER CORPS:
-Տարեկան որքա՞ն կամավոր է գալիս Հայաստան։
—Տարեկան մոտ 350-400 կամավոր գալիս է Հայաստան։ Նրանք տեղավորվում են տարբեր կազմակերպություններում և աշխատում այնտեղ։ Հիմնադրամը նրանց ուղղորդում և աջակցում է, կազմակերպում արևելահայերենի դասընթացներ և շաբաթական այցելություններ Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։
-Ի՞նչ ծրագրեր ունի հիմնադրամը, Հայաստանում գործող կազմակերպությունների համար։
-Հայաստանում գործող կազմակերպությունների համար գործում են երկու կարևոր ծրագրեր՝ կազմակերպություններին տրամադրվող դրամաշնորհներ և անհատական ճանապարհորդական դրամաշնորհներ։
Տարին չորս անգամ հայտարարվում է այն ոլորտը կամ թեման, որին ցանկանում են ուղղել դրամաշնորհային աջակցությունը։ Ծրագիրը մրցակցային և բաց է։ Դիմել կարող են Հայաստանում ծրագրեր իրականացնող կազմակերպությունները՝ հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ և բյուջետային կազմակերպություններ։
2019թվականից ի վեր տրամադրվում է 30-40 տարբեր դրամաշնորհ։ Փորձ է արվում գնահատել, թե որ ծրագրերն ու նախագծերն են առավել հավակնոտ և ազդեցիկ զարգացման տեսանկյունից։
Անհատական ճանապարհորդական դրամաշնորհների ծրագիրը մեկնարկել է 2023 թվականին։ Այն ամբողջությամբ ֆինանսավորվում է հիմնադրամի կողմից:
-Ինչպե՞ս է իրականացվում ընտրությունը։
-Մրցութային եռամսյակում հավաքվում են հայտերը, որոնք բավականին շատ են լինում, հանձնաժողովը համեմատական կարգով փորձում է հասկանալ, թե որը կարող է մեծ ազդեցություն ունենալ երկրի զարգացման վրա։ Ծրագրին դիմում են առցանց, հիմնական պայմաններից մեկն այն է, որ միջոցառումը պետք է անցկացվի Հայաստանից դուրս։ Մյուս պայմանն այն է, որ դիմորդը միջոցառմանը պետք է ունենա ակտիվ դեր՝ ելույթ, ներկայացնի կամ մասնակցի մրցույթի, այլ ոչ թե պարզապես ներկա լինի։ Դիմումը պետք է ներկայացվի միջոցառումից մոտ երկու ամիս առաջ, որպեսզի հիմնադրամը կարողանա այն գնահատել։ Տարեկան ստացվում է ավելի քան 1000 դիմում, որոնց մոտ 30 տոկոսն է ֆինանսավորվում։
Աջակցություն է տրամադրվում գիտության, սպորտի, մշակույթի և արվեստի ոլորտների ներկայացուցիչներին։ Ֆինանսավորվում են նաև արտերկրում ոչ առևտրային ցուցահանդեսներին մասնակցությունները, ինչպես նաև տարբեր մարզաձևերի ներկայացուցիչների ճանապարհորդությունները։
Տարեկան կազմակերպություններին տրամադրվող դրամաշնորհների ծավալը մոտ 1.5 միլիոն դոլար է, իսկ անհատական ճանապարհորդական դրամաշնորհներինը՝ մոտ 500 հազար դոլար։
Ծրագրերի արդյունավետությունը գնահատելիս հաշվի են առնվում Հայաստանի ներկայացվածության մակարդակը, հարթակի մակարդակը, մասնակցի թեման, դերը և հետաքրքրությունը։
-Խոսենք Հրայր Հովնանյանի ծննդյան 96-ամյակին նվիրված միջոցառման մասին։
-Սեպտեմբերի 11-ին և 12-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում բակում, որի կառուցվել է Հրայր Հովնանյանի կողմից և կրում է նրա կնոջ՝ Աննա Հովնանյանի անունը, կազմակերվել է դասական և ժողովրդական երգերի երեկո։
Միջոցառումների նպատակն է այդ տարածքն ավելի հանրային և ակտիվ դարձնել։ Ծրագիրը նախատեսված է Երևանի բնակիչների, Երևանի այցելուների և Երևան այցելած զբոսաշրջիկների համար։ Փորձել ենք համատեղել ձայնային և լուսային լուծումները։ Տեսապատկերների և պրոյեկցիաների միջոցով նախատեսվում է ուշադրություն հրավիրել նաև շենքի ճարտարապետության վրա։
Միջոցառումները բաց են բոլորի համար։
-Այսօր ինչպե՞ս են հիշում Հրայր Հովնանյանին ընտանիքում և ընկերական շրջապատում։
-Հիշում են որպես մեծ բարերարի ու հայրենասերի, եզակի անհատականության։ Իր առանձնահատկություններից նշում են խստապահանջությունն ու ֆինանսական միջոցների նկատմամբ զգուշավոր վերաբերմունքը։
Ասում են, որ Հովնանյանը շատ խիստ էր աշխատանքի նկատմամբ և ցանկանում էր, որ այն կատարվի բարձր որակով։ Նա նաև ուշադիր էր ֆինանսների նկատմամբ, խնայողությամբ էր օգտագործում իր միջոցները, որպեսզի հետագայում այն օգտագործի բարեգործական կամ այլ ծրագրերի համար։
Հիմնադրամի թիմում ևս փորձում են յուրաքանչյուր միջոց օգտագործել որպես ներդրում, այլ ոչ միայն որպես բարեգործության։ Այդ միջոցներով աջակցում են մարդկանց, ուսանողների, մարզիկների, կամավորների և այլ ծրագրերի։







































