Այսօր ընթերցասեր հանրությունը տոնում է հայ գրականության հանճարներից մեկի՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրը: Այս տարի լրանում է գրողի ծննդյան 128-ամյակը:
Չարենցը ծնվել է 1897 թվականին, Կարսում։ 1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում Եղիշե Սողոմոնյան ստորագրությամբ տպագրվում է «Ծաղիկները հեզ» բանաստեղծությունը, իսկ 1914 թվականին արդեն Եղիշե Չարենց ստորագրությամբ լույս է տեսնում 17-ամյա պատանու «Երեք երգ տխրադալուկ աղջկան» շարքը՝ նվիրված Աստղիկ Ղոնդախչյանին. այն ընդգրկում էր մեկը մյուսին շարունակող երեք բանաստեղծություն։ 1914 թվականին էլ լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին գիրքը։
Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձևավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով:1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են և հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937թ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երևանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ:
Չարենցը մահացավ 40 տարեկանում՝ թողնելով հարուստ գրական ժառանգություն: