ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հասցեագրված դիմումին:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Դատախազությունից:
Նշենք՝ Արամ Սարգսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ պահանջելով ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությունը 2008–2026 թվականներին և առերևույթ հանցանքի հատկանիշների առկայության դեպքում նախաձեռնել քրեական վարույթ։
Դիմելու հիմքերից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականին ՀԿԵ-ում շուրջ 60 միլիոն դոլարի չարաշահումների վերաբերյալ հրապարակային հայտարարությունն է։
Սարգսյանը միաժամանակ պահանջել է ուսումնասիրել երկաթուղային ենթակառուցվածքների ապամոնտաժման, բեռնափոխադրումների ծավալների և աշխատակիցների թվի կրճատման հանգամանքները։






































