Skip to main content

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով

Հուսահատությունը, անզորությունը թե՛ երկիր, թե՛ ընտանիք, թե՛ հոգի ներխուժած ճգնաժամերն են դերասան, նկարիչ Վարդան Պետրոսյանին 1990-ականներին ստիպում հեռանալ Հայաստանից, երկիր, որը նա սիրում է, որը փայփայում է, երկիր, որտեղ դեռ այդ տարիներին հասցրել էր բեմեր ու հանդիսատեսի սրտեր նվաճել։ Պետրոսյանը ֆիզիկապես թողնում է Հայաստանը, սակայն շարունակում է ապրել հայրենիքի հոգսերով, հարազատներով ու անդադար երկարաշունչ նամակներ գրել սիրելիներին՝ պատմելով իր խոհերի, ապրումների, ֆրանսիական իրականության և անսահման կարոտի մասին։Հ

ենց այդ նամակներն են տեղ գտել Վարդան Պետրոսյանի երրորդ գրքում, որը կոչվում է «Նամակներ Փարիզից»։Գրքում ասվում է. «Նամակների այս ժողովածուն անկեղծ ու կենդանի խոսքով ներկայացնում է Վարդան Պետրոսյանի կյանքի տասներկու տարիները՝ միաժամանակ երևակելով մեր ժողովրդի պատմության դժվարին մի շրջանի ուշագրավ պատկերը՝ անկումներով ու վերելքներով, հուսահատությամբ, բայց և ապագայի հանդեպ չմարող հավատով։ Այս էջերում ընթերցողը կհանդիպի ստեղծագործող, դժվարությունների առջև չընկրկող և պայքարող հայ մարդուն, որ հայրենիքից հեռու շարունակում է ապրել իր երկրի հոգսերով, ստեղծագործական որոնումներով ու սպասումներով»։«Արմենպրես»-ի թղթակիցը ներկա է եղել գրքի շնորհանդեսներից մեկին և բաց չի թողել դերասանի, նկարչի, գրողի հետ անկեղծ զրուցելու հնարավորությունը։

-Պարոն Պետրոսյան, մի առիթով նշել եք, որ 1990-ականներին Հայաստանից հեռանալը և՛ փախուստ էր, և՛ անվերջ վերադարձ…-Դա փախուստ էր ինքս ինձնից, որ դարձավ անվերջ վերադարձ, որովհետև ես անընդհատ վերադարձա և մինչ օրս վերադառնում եմ և մինչև կյանքիս վերջ կվերադառնամ։ Այդ վերադարձը շատ արդյունավետ էր։ Ինչքան կուտակեցի, ինչքան հարստացա կյանքի, մասնագիտական փորձով, այն ամենով, ինչով լցվեց իմ հոգին  բացակայությանս ընթացքում. այդ ամենը բերեցի իմ երկիր, իմ սիրելի մարդկանց և բերում եմ մինչ օրս։-Իսկ ի՞նչն էր «փախուստի» պատճառը։

Դա շա՞տ անձնական պատմություն է։-Շատ անձնական է, բայց թաքցնելու բան չկա։ Երբ Սովետական Միությունը փլուզվեց, չեք պատկերացնում՝ ինչ փլուզումներ էին տեղի ունենում ոչ միայն տնտեսական, քաղաքական համակարգերում, այլև մարդկային հարաբերություններում։ Ես դաստիարակվել եմ այնպիսի երկրում, որտեղ ավտոբուսում տատիկներին ու պապիկներին զիջում էին, հարգում էին նրանց, իսկ 1990-ականներին մենք անճանաչելի էինք դարձել։

Հացի հերթում տատիկ, պապիկ էին ծեծում, մեր թաղամասում հղի կնոջը դանակահարեցին։ Պատկերացնո՞ւմ եք՝ հայ տղան հղի  կնոջը դանակահարի։ Դա հայոց պատմության մեջ չհանդիպած դեպք էր։ Վայրենացել էին մարդիկ, հանկարծ ամեն բան փլվեց, ջունգլիների վայրի օրենքը սկսեց իշխել՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Հրեշավոր մարդիկ դուրս եկան ջրի երես։ Կարծես նրանց իշխանություն տրվեց։ Ամենասարսափելին այն էր, որ ես ինձ անզոր էի զգում։ Չէի կարողանում որևէ բան անել, նաև ստեղծագործական ճգնաժամ էի ապրում, չէի կարողանում ինչ-որ բան մոգոնել, ստեղծել, անձնական կյանքում ևս մեծ ճգնաժամ էր։ Ճգնաժամերի մի ամբողջ խուրձ էր, որն իր լուծման  ձևը գտավ փախուստի մեջ։

Ո՞վ չի երազում գնալ Փարիզ, ապրել այնտեղ, բայց դա հեշտ չէ։ Այնտեղ շատ զարմանալի բախտ ունեցա։ Ինձ սիրով դիմավորեցին, սիրով պահեցին, ինձ հնարավորություններ տվեցին. լեզու սովորեցի, կյանք մտա և ունեցա այնպիսի բախտ, որ չի ունենում ոչ մի գաղթական, ոչ մի պանդուխտ, և այս գիրքը իմը չէ միայն և իմ մասին չէ միայն. այսօր չկա մի հայ ընտանիք, որը մի պանդուխտ ազգական չունի. մեկի տղան, մեկի եղբայրը, մեկի քեռին, մեկի հորեղբայրը, մեկի հայրը և այլն։ Նրանց հույզերն են, նրանց կարոտն է։Անսահման կարոտով էի ապրում, ապրում էի հույզերի, լույսերի, թատրոնների մեջ, հռչակավոր մարդկանց էին հանդիպում, նրանց հետ աշխատում, սակայն սիրտս կտոր-կտոր այստեղ էր անընդհատ. երազում էի ընկերներիս հետ Գավառի թատրոններից մեկի կուլիսներում մի բաժակ օղի խմել, սև հաց ուտել ու վազել ներկայացում խաղալու։

Հոգիս կարծես այդտեղ լիներ։ Ո՞վ կհավատար, բայց այդպես էր։ Հիմա ժամանակն անցել է, և ես հանգիստ եմ խոսում այդ մասին։-Այդ շրջանում ամենաշատն ո՞ւմ էիք նամակներ գրում։-Ընտանիքիս՝ քրոջս, եղբայրներիս։ Նամակներ շատ եմ գրել։ Գրել եմ նաև տղայիս. նա փոքր էր, չէր կարդում, մայրն էր նրա համար կարդում նամակներս, և նա պատասխան նամակը բարձրաձայն ասում էր, մայրը գրում էր ինձ։ Տղայիս մորը ևս գրում էի, ընկերներիս էի գրում, գործնական նամակներ ևս կան, բայց ամբողջ ուժն ուղղված էր դեպի իմ քույրն ու երկու եղբայրները։ Շատ զարմանալի բան է, և այս գրքում հենց այդ նամակներն են՝ շատ կրճատած։ Ահռելի աշխատանք է արել քույրս։ Նախորդ երկու գրքերս ևս Աշխենի շնորհիվ են հրատարակվել։ Հավանաբար երեսուն, քառասուն անգամ կարդացել է նամակները։ Նամակներում շատ անձնական բաներ կան, որոնք դուրս ենք թողել գրքից։ Կա մի գիծ, որ չեմ ուզում անցնել, չեմ սիրում դա անել, քանի որ դա ինձ ու ընտանիքիս է պատկանում։ Կրճատեցինք, կրճատեցինք ու ստացանք այս գիրքը։

Ես չէի էլ մտածում, որ կարող է գիրք լույս տեսնել, սակայն քրոջս գաղափարն էր, որն իրականացրեց։-Եվ մենք շատ շնորհակալ ենք, որ Ձեր կենսագրության ամենահետաքրքիր դրվագները փոխանցում եք մեզ։ Մի առիթով ասել եք, որ թատրոնը դեղամիջոց է։ Գրելը Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունի։ Ամենադժվար շրջանների մասին գրում եք, ասես ձերբազատվում եք այդ ամենից։-Վերջին 25 տարիներին իմ բոլոր ներկայացումների հեղինակը ես եմ, խաղալով ինչ-որ բանից ազատվում եմ, իմ ներսում կուտակվածը կարողանում եմ մարդկանց տալ, իսկ այստեղ՝ ավելի քան։ Գրքում իմ հույզերն են, ճիշտ է՝ կատակով, հումորով է ամեն ինչ գրված, լավ տեսարաններ կան։ Բացում եմ գիրքն ու չեմ կարողանում կտրվել. հիշում եմ այդ ամենը, իմ ապրումները։ Ինքնախոստովանության պես մի բան էլ կա այստեղ։ Մարդիկ ինձ այլ կերպ կտեսնեն։

Գրքում նաև երգեր կան, շատ երգեր, որոնք ընթերցողները կարող են լսել QR կոդերի միջոցով։ Այդ երգերում շատ տարբեր եմ՝ դրամատիկ, տխուր, փիլիսոփայական։

Երգերը ֆրանսերեն են։ Մի մասը թարգմանել եմ հայերեն, սակայն մեկը չի ստացվել, որովհետև բառախաղերը շատ են։Այստեղ ես մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ։-Ասացիք, որ Ֆրանսիան Ձեզ շատ բան է տվել, որ բարեհաճ է եղել Ձեր նկատմամբ։ Հիշում եմ Ձեր «Ճակատագրի կատակները» ներկայացումը, որում նաև այդ շրջանի մասին էիք պատմում, ազնավուրյան երգերի օգնությամբ լեզու սովորելու և աշխատանք գտնելու մասին։ Շատերս քաջածանոթ ենք նաև Ձեր «Սկիզբ» գրքին, որում  խոսում եք բանտում անցկացրած տարիների մասին։Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում չկոտրվել և շարունակել լինել Վարդան Պետրոսյան, բայց՝ առավել կատարելագործված։-Հավանաբար կամքի ուժ ունեմ, մեծ հավատ, բայց պետք է  մտածել, որ իմ մեջ կար մի մեծ մեղքի զգացում, որ ինձ տանջում էր, և այդ մեղքի զգացումն ինձ մեծ ուժ էր տալիս, ես ինձ պարտավոր էի համարում հաղթել,  հասնել ինչ-որ բանի, որովհետև ինքս ինձ չէի ների, եթե չկարողանայի դա անել։ Ինձ թվում էր՝ երեխայիս լքած մեկն եմ։

Թողել, եկել եմ այստեղ, և իրավունք չունեմ չհաղթելու։ Մեղքի զգացումը երբեմն կարող է մարդուն շատ մեծ ուժ տալ։-Թե՛ Փարիզում են Ձեզ աջակցել, թե՛ կալանքի ժամանակ։ Գուցե դա Ձեր բնավորությունից է, վառ անհատականություն լինելուց։-Փարիզում ջերմությամբ եմ շրջապատված եղել, չեմ ապրել այն ծանր կյանքը, որով ապրում է գաղթականը, էմիգրանտը, այլ բան, որ հոգեբանորեն շատ ծանր օրեր եմ ապրել։

Ամենամեծ հաջողության մեջ անգամ հնարավոր է շատ ծանր հոգեբանական իրավիճակում լինել։ Միայն գաղթականը գիտի, թե դա ինչ է նշանակում, և չկա այն մարդը, որի հետ կցանկանայիր կիսել այդ ամենը։ Երջանկությունն ամբողջական չի, երբ չկա դա։ Անսպառ, անսահման կարոտը երկրի նկատմամբ, նաև երկրի վիճակը։ Ինձ մխիթարում էի մի բանով, որ կարողանում եմ օգնել մարդկանց։ Այնտեղից շատ էի կարողանում աջակցել ընտանիքներիս, հարազատներիս, ընկերներիս։ Այդպես էր կյանքը, շատ դժվար էր։-Ձեր բոլոր անհանգստություններն արտացոլվում են ներկայացումներում։ Ամենամեծ մտահոգությունը, որն այսօր ունի ինտելեկտուալ մարդը, մտավորականը, որին ներկայացումներից մեկում կախում եք, ո՞րն է և կա՞ն նոր ներկայացման գաղափարներ։-Մինչև 2030 թվականն իմ ներկայացումները ծրագրել եմ, գիտեմ, թե ինչ պետք է անեմ։

Լինելու են բարդ մենաներկայացումներ, սակայն՝ շատ հետաքրքիր։Ո՞րն է մտավորական մարդու այսօրվա մտահոգությունը։  Եթե չեմ սխալվում, մեծ փիլիսոփա Կոնֆուցիոսն է ասել. «Ավելի լավ է մի փոքրիկ մոմ վառել, քան ամբողջ կյանքում անիծել խավարը»։-Անչափ շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ ուժ, եռանդ եմ մաղթում։-Շնորհակալ եմ։«Ձեզ բոլորիդ շատ կարոտել եմ. երբեմն մտածում եմ, որ ես ձեզ համար եմ ապրում։

Ձեր ներկայությունը, թեկուզ տարածության վրա,  լցնում և իմաստավորում է իմ կյանքը, արժևորում հաջողություններս»,-գրքում տեղ գտած նամակներից մեկում գրում է Վարդան Պետրոսյանը։Ինչպես գրքի շապիկին գրված տողերում է ասվում այս նամակներում կողք կողքի են ծիծաղն ու ցավը, հույսն ու հուսախաբությունը, Փարիզն ու Երևանը։ Սա պատմություն է ոչ միայն մի մարդու ճանապարհի, այլև բոլոր նրանց, ովքեր հեռացել են երկրից, բայց հոգով, միևնույն է, շարունակել են ապրել տանը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031