«Չենք կարող մոռանալ, որ Ադրբեջանը ավտորիտար պետություն է, որտեղ ցանկացած քաղաքական այլախոհություն ճնշվում է։ Մենք պետք է պահանջենք ազատ արձակել 23 հայ ռազմագերիներին, որոնց նկատմամբ իրականացվում են կեղծ դատավարություններ, դատավարական ընթացակարգերի խախտումներ և շինծու մեղադրանքներ»
Այս մասին Եվրախորհրդարանում տեղի ունեցած «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով քննարկման ժամանակ ասել է իսպանացի պատգամավոր Պերնանդո Բարենան՝ ներկաներին հիշեցնելով ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը։
«Հատկապես կարևոր է, որ Միջազգային քրեական դատարանը հետաքննի Լեռնային Ղարաբաղի օմբուդսմենի կողմից ներկայացված գործերը և դատական պատասխան տրամադրի Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության նկատմամբ իրականացված բռնի տեղահանման և էթնիկ զտումների դեպքերին»,- նշել է նա։
Պատգամավորը դիմել է քննարկմանը ներկա եվրահանձնակատարին՝ արդյո՞ք ԵՄ հանձնաժողովը պատրաստ է Հայաստան ներխուժման դեպքում Ալիևի դեմ կիրառել նույն պատժամիջոցները, որոնք սահմանվել են Պուտինի դեմ Ուկրաինա ներխուժումից հետո։