Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը անդրադարձել է Բաքվում պահվող ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայերի դատավարություններին:
Վերջինս հայտարարել է, որ եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, իբր «պետք» է սերտորեն համագործակցի Բաքվի դատական գործընթացի հետ»:
«Հայաստանի տարածքում կան մարդիկ, որոնք ռազմական հանցագործություններ են կատարել ադրբեջանցիների դեմ, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն», — ասել է Հաջիևը՝ պնդելով, թե Բաքվում պահվող հայերին գերի ու պատանդ անվանելն իրենց համար «անընդունելի»:
Հաջիևը, հավատարիմ իրականությունը հերքելու ադրբեջանական վաղեմի սովորությանը, հավելել է, որ այդ «դատավարության» դեմ Հայաստանի արշավն «անիմաստ» է:
Հիշեցնենք ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց Բաքվի դատարանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:
Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնել է 15 հայ` ԼՂ նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:
Առանձին վարույթով դատաքննություն է ընթանում նաև ԼՂ նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ: