Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը։
«Տեղեկությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել խաղաղության պայմանագրի մասին, հույս է ներշնչում։ Տասնամյակների թշնամանքից ու պատերազմից հետո այն փաստը, որ կայուն խաղաղությունն արդեն հասանելի է, կարևոր է թե տարածաշրջանի համար, թե նրա սահմաններից դուրս»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Երկար բանակցություններից հետո Հայաստանի խիզախ ընդառաջ քայլերով արվում է այս վերջին քայլը այն ճանապարհին, որով մենք ուղեկցել ենք երկու երկրներին։ Ես կոչ եմ անում կողմերին ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- նշված է նախարար Անալենա Բերբոքի անունից Գերմանիայի ԱԳ նախարարության «X»-ի միկրոբլոգում տարածված հայտարարության մեջ։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման և հաստատել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։