Երևանն արդեն երրորդ տարին է, ինչ ակտիվ չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին, բայց ներկա է մշտական ներկայացուցիչների բոլոր ամենշաբաթյա խորհրդակցություններին, լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովը` եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի IV միջազգային համաժողովի շրջանակներում:
Գլխավոր քարտուղարը հավելել է, որ մասնակցելու կամ չմասնակցելու որոշումը պետք է կայացնեն Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը։
Մասադիկովի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունից արդեն կա որոշման նախագիծ՝ կապված Հայաստանի հետ։ Նա պարզաբանել է, որ ներկայումս կազմակերպությունից Հայաստանին հեռացնելու մասին քննարկում չկա։
ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը կարգավորում է այն միջոցառումները, որոնք կարող են կիրառվել անդամ պետությունների նկատմամբ, եթե նրանք չկատարեն իրենց պարտավորությունները, այսինքն՝ եթե երկու տարի մուծում չանեն կազմակերպության բյուջե։
Նման դեպքում երկիրը կարող է զրկվել իր քաղաքացիներին ՀԱՊԿ քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքից։ Ավելին` Երևանը կարող է զրկվել նաև կազմակերպության մարմիններում քվեարկելու իրավունքից մինչև իր վճարների լրիվ մարումը։





































