2026 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունը որոշակիորեն դանդաղել է։ Այս մասին նշվում է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության թափանցիկության զեկույցում։
ԿԲ-ի գնահատմամբ՝ տնտեսական ակտիվության աճին շարունակել են մեծապես նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերը, ինչը մատնանշում է ավելցուկային պահանջարկի առկայությունը։
Դրա դրսևորումներից են վերջնական սպառման ապրանքների ներմուծման և մանրածախ առևտրի աճի բարձր ցուցանիշները։
Միաժամանակ նկատվում են արտաքին պահանջարկի ընդլայնման ազդակներ, որոնք հիմնականում արտահայտվում են Հայաստան այցելությունների և դրանց տևողության աճով։
ԿԲ-ն ռիսկեր է տեսնում նաև համապատասխան ոլորտներում աշխատավարձերի աճի և ծառայությունների գների արագացման ուղղությամբ։






































