Իսրայելի զինվորականները հարվածների նոր շարք են հասցրել Հարավային Լիբանանում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության օբյեկտներին: Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա հայտարարության համաձայն՝ դա արվել է ի պատասխան Հարավային Լիբանանի, այսպես կոչված, անվտանգության գոտում գտնվող իսրայելցի զինծառայողների վրա «Հեզբոլլահի» ջոկատների կողմից իրականացված հարձակման: Ուրբաթ երեկոյան նրանց ուղղությամբ արձակվել էր անօդաչու թռչող սարք, զինվորականների շրջանում ոչ ոք չի տուժել:
Ի պատասխան՝ Իսրայելի բանակը գրոհել է «Հեզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքների օբյեկտները, այդ թվում՝ զենքի պահեստները, ինչպես նաև հակառակորդի անձնակազմը:
«Հարվածները հասցվել են անմիջական սպառնալիքը վերացնելու նպատակով», — հայտարարել են բանակի մամուլի ծառայությունում՝ միևնույն ժամանակ նշելով, որ Իսրայելը հավատարիմ է մնում Հարավային Լիբանանում կրակի դադարեցման մասին համաձայնագրին:





































